2023 թվականի մարտին Երևանի պետական համալսարանի և ՀՕՖ-ի հիմնադրած Երեխաների պաշտպանության կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հուշագիրը մի կողմից ամրագրեց երկար տարիների պատմություն ունեցող համագործակցությունը, մյուս կողմից ընդլայնեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բակալավրի կրթական ծրագրի ուսումնական պրակտիկայի անցկացման հնարավորությունները:
2023-2024 ուսումնական տարվա ընթացքում «Սոցիալական աշխատանք» բակալավրի կրթական ծրագրի երրորդ կուրսի՝ ընտանիքների և երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտական դասընթացներ ընտրած ուսանողները հնարավորություն ունեցան մեկ կիսամյակ ուսումնառելու ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոնում։
Կենտրոնում գործում է «Ապահով անկյունը», որն առաջնորդվում է միջազգային ճանաչում ունեցող Բարնհաուսի մոդելով. այն հնարավորություն է տալիս ոչ միայն ապահով միջավայր ձևավորելու բռնության կամ շահագործման ենթարկված երեխաների հարցերով հետաքննությունների համար, այլև ուսուցանման արդյունավետ միջոց է: «Ապահով անկյունը» հնարավորություն է ընձեռում ուսանողներին ծանոթանալու և քննարկելու իրական խնդրահարույց դեպքեր, խորքային պատկերացում կազմելու խոցելի երեխաների հետ հաղորդակցման և նրանց խորհրդատվության տրամադրման ժամանակակից մեթոդների և տեխնիկաների մասին։
Ուսանողները սովորեցին ինտերակտիվ եղանակով, դիտարկեցին հոգեբանի և սոցիալական աշխատողի աշխատանքային գործընթացը:
Ֆակուլտետի ուսանող Լարիսա Հարությունյանը նշեց. «Կարևոր է, որ գործնականում տեսնում ենք՝ ինչ է կատարվում մեր շուրջը և սովորում ենք «վարդագույն ակնոցով» չնայել իրականությանը»:
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Միրա Անտոնյանը, որը նաև կենտրոնի գործադիր տնօրենն է, անդրադառնալով ուսուցման այս մոդելին, ընդգծեց. «Բարնհաուսի գործարկումից հետո ուսանողների կրթական գործընթացը կենտրոնում կազմակերպելը դարձավ շատ կարևոր: Այս մեթոդի կիրառմամբ տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս ուսանողին ականատեսը լինելու երեխայի հետ սոցիալական աշխատողի և հոգեբանի հարզացրույցներին, ապա քննարկումների միջոցով ամրապնդելու ստացած գիտելիքները: Այս On-the-job training մոդելի շնորհիվ ուսանողն ուղղակիորեն առնչվում է երեխայի խնդրին, ինչը կարևոր փորձ է ապագա պրակտիկ մասնագետների պատրաստման համար»։