Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան այցելեց ԵՊՀ և հանդես եկավ դասախոսությամբ։ Դասախոսության շրջանակում պրոֆեսորը մասնակիցներին ներկայացրեց ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են նպաստել ԵՄ-Հայաստան հարաբերությունների մերձեցմանը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Տիգրան Եփրեմյանը, ընդգծելով դասախոսության թեմայի արդիականությունը, նշեց, որ նմանօրինակ դասախոսությունների շնորհիվ ուսանողներն ու դասախոսները հնարավորություն են ունենում աշխարհաքաղաքական իրադարձությունների մասին առավել լայն պատկերացում կազմելու։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Գոռ Պետրոսյանը, շեշտելով Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսորի հետ գիտակրթական կապերի ամրապնդման կարևորությունը, նշեց. «Միջազգային հարաբերությունների բնագավառն ուսումնասիրող ուսանողները պետք է հնարավորինս քաջատեղյակ լինեն նաև օտարերկրյա տարբեր միջազգայնագետների այն բոլոր թեզերին, որոնք կարող են որևէ կերպ առնչություն ունենալ մեր տարածաշրջանի հետ»։
Նա հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագայի հետ՝ համատեղ իրագործելով երկարաժամկետ այլ նախագծեր ևս։
Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան, անդրադառնալով դասախոսության թեմայի ընտրությանը, ասաց, որ ներկայում Հայաստանը հնարավորություն ունի ամրապնդելու կապերը Եվրոպայի հետ։
Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, մագիստրոսներ և բակալավրիատի բարձր կուրսերի ուսանողներ։
Պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան ԵՊՀ էր այցելել իր ասպիրանտի՝ Էդուարդո Գարսիա Կանչելայի հետազոտության ընթացքին ծանոթանալու նպատակով: Էդուարդո Գարսիա Կանչելան «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կատարում է հետազոտություն, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ուսումնասիրությանը: