Երևանի պետական համալսարանի և Էվոկաբանկի համագործակցության շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ ս․թ․ մարտի 12-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների համար անցկացվեց հանդիպում Էվոկաբանկի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին Էվոկաբանկի գործունեությունը, բանկում կարիերայի հնարավորությունները, ինչպես նաև «EvocaLAB 12» ծրագիրը։ Ուսանողները հնարավորություն ունեցան մանրամասն տեղեկություններ ստանալու «EvocaLAB 12» ծրագրի մասին։ Այս ծրագրի շրջանակում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսաբանկային ոլորտի, հաճախորդների սպասարկման և վաճառքի հմտությունների վերաբերյալ, ինչպես նաև երկամսյա վճարվող ուսուցման և բանկում աշխատանքի անցնելու հնարավորություն։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ալեքսանյանը, անդրադառնալով հանդիպման կարևորությանը, նշեց․ «Էվոկաբանի հետ համագործակցությունը մեծ դեր ունի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համար, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն ուսանողներին ծանոթացնելու բանկում կարիերայի հնարավորություններին, այլև ամրապնդելու համալսարանում ստացած տեսական գիտելիքները գործնական օրինակներով»։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն արժևորեց այսօրինակ հանդիպումները՝ նշելով, որ վերջիններս ուսանողներին հնարավորություն են ընձեռում ոլորտում կայացած մասնագետների հետ հանդիպելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու, իսկ գործատուներին՝ ներկայացնելու իրենց կազմակերպություններում առկա կարիերայի հնարավորությունները։