«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ս․թ․ մայիսի 9-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Շրջանաձև տնտեսություն. իրազեկում և սպառողների վարքագիծ» («Circular Economy: Awareness and Consumer Behavior») թեմայով դասախոսություն կարդաց Եվրոպական բիզնես դպրոցի (Պորտուգալիա) պրոֆեսոր Անա Պինտո Բորխեսը (Ana Pinto Borges):
Անա Պինտո Բորխեսը Եվրոպական բիզնես դպրոցի (Պորտուգալիա) մանկավարժական խորհրդի նախագահն է և կիրառական հետազոտությունների համակարգողը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը հանդիպմանն ընդգծեց փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված միջազգային գործընկերության ընդլայնման և ֆակուլտետում այսօրինակ հանդիպումների անցկացման կարևորությունը: Դեկանը օտարերկրյա գործընկերներին հրավիրեց մասնակցելու աշնանը Երևանում կազմակերպվող ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին:
Հանդիպմանը մասնակցեցին նաև Եվրոպական բիզնես դպրոցի (Պորտուգալիա) կարիերայի կենտրոնի ղեկավար Մարիանա Սոուզան, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը և Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, միջազգային կապերի պատասխանատու, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը:
Քննարկվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով նոր գործակցության հնարավորություններն ու հեռանկարները։