ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Շուկայագիտություն (մարքեթինգ)» և «Գործարար վարչարարություն (կառավարում)» մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար կազմակերպվեց վարպետության դաս՝ «Մարդկային ռեսուրսների կառավարումն արհեստական բանականության ժամանակաշրջանում» թեմայով:

Վարպետության դասի շրջանակում մագիստրանտները ծանոթացան մարդկային ռեսուրսների կառավարման արդի մարտահրավերներին, քննարկեցին իրավիճակային դեպքեր մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացում՝ արհեստական բանականության դրական և բացասական ազդեցությունների առնչությամբ:
Բանախոսը «ACTUAL HR PARTNER» ընկերության հիմնադիր տնօրեն Լաուրա Վիրաբյանն էր, որը մագիստրանտներին ներկայացրեց անձնակազմի պլանավորման, հավաքագրման, ընտրության և զարգացման փուլերի առանձնահատկությունները՝ իրավիճակային խնդիրների համատեքստում։ Բանախոսն ուսանողներին ներկայացրեց գործատուին ներկայանալու հմտությունները, ինչպես նաև այս փուլում ընկերության թափուր հաստիքները:
Տնտեսական գործունեության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների մասնակցությամբ վարպետության դասերի կազմակերպումը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում պարբերական բնույթ է կրում, որի նպատակը ակադեմիական գիտելիքից զատ ուսանողներին պրակտիկ հմտությունների փոխանցումն է: