August 07, 2023 | 15:07
Science
Education
Research
Annual summer camp for school children and students
The summer camp entitled "We and Physics" is being held at YSU’s educational base in Tsaghkadzor.
Ճամբարի հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին ծանոթացնել ֆիզիկայի կիրառական տարբեր խնդիրների գործնական լուծումներին՝ ցույց տալով գիտության կարևորագույն դերը կյանքում։ Ճամբարականները կարճ ժամանակահատվածում խմբային աշխատանքների միջոցով ինքնուրույն ստեղծում են ժամանակակից սարքեր, որոնք հետագա մշակման պարագայում կարող են դառնալ կիրառելի արտադրանք։
«Ֆիզիկան ու մենք» ամենամյա ամառային ճամբարի հինգ օրերի ընթացքում մասնակիցները, ստանալով անհրաժեշտ բոլոր սարքավորումները, տեղեկությունների աղբյուրները, աշխատում են երեք հիմնական խնդիրների շուրջ՝ պատկերի փոխանցում օպտիկական մանրաթելի միջով, լազերային երաժշտական գործիքի մշակում, լազերային ձայնալսում։
Ճամբարը հնարավորություն է տալիս ֆիզիկայի բնագավառում արդյունաբերական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծանոթանալու և գիտակրթական նոր կապեր հաստատելու:
Ամառային ճամբարի շրջանակում ոլորտի մասնագետները մասնակիցներին են ներկայացրել ֆիզիկային, տվյալագիտությանը, ֆոտոնիկային և արհեստական բանականությանն առնչվող մի շարք հետաքրքիր զեկուցումներ՝ մատնանշելով ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ճամբարի փակման պաշտոնական արարողության ժամանակ բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ խմբերի մարզիչները՝ շնորհակալագրեր։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտին և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին (ՀՀ ԳԱԱ ՖՀԻ) առընթեր Օպտիկների միջազգային կազմակերպությունների (OPTICA և SPIE) մասնաճյուղերի` «YSO Student Chapter»-ը և «IPR Armenia Optica Student Chapter»-ի աջակցությամբ և Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների ջանքերով կազմակերպվող ամառային ճամբարի անցկացումն արդեն երեք տարի անընդմեջ հովանավորում է «THORLABS» օպտիկայի ընկերությունը։ Այս տարի հովանավորների շարքում են «Advanced Technologies Group», «Preezma» և «Mustard» հայկական ընկերությունները։ Ճամբարի հովանավորներից է նաև Երևանի պետական համալսարանը:
Նշենք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ճամբարական օրերի ընթացքում այցելել է մասնակիցներին՝ ծանոթանալով նրանց կատարած աշխատանքներին և ոգևորելով՝ ակտիվորեն մասնակցելու գիտության զարգացմանը նպաստող այսօրինակ միջոցառումների: