November 07, 2023 | 20:05
Science
Educational programs
International cooperation
Cooperation between YSU and AMAA in favor of the Master's program "International Courts and Arbitration"
ԵՊՀ-ի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում ԵՊՀ-ին տրամադրվող աջակցությունն ուղղվելու է Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի իրականացմանը։
Այս ուսումնական տարվանից գործող «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագիրը նպատակ ունի ուսանողներին ծանոթացնելու միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմունքներին, տրամադրելու խոր և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ներկայացնելու միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, ինչպես նաև գնահատելու ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնելու գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ծրագրի զարգացմանը նպաստելու համար ԵՊՀ-ին տրամադրվող աջակցության, պատրաստակամության և կրթության նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար, վստահություն հայտնեց, որ հուշագիրը կնպաստի ոչ միայն ԵՊՀ-ում, այլև երկրում բարձրագույն իրավաբանական կրթության զարգացմանն ու առաջընթացին․ «Հատկապես այս ժամանակաշրջանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, իսկ մագիստրոսական այս ծրագիրն ունի բավարար ներուժ արհեստավարժ կադրեր պատրաստելու համար»։
AMAA-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը փաստեց, որ Ընկերակցությունն ավելի քան հարյուրամյա առաքելության ընթացքում կրթությունը մշտապես համարել է ազգային անվտանգության, սոցիալական բարեփոխման և բարեկեցիկ կյանքի հիմնասյուներից մեկը․ «AMAA-ն խորապես համոզված է, որ կրթությունն ուժ է, և միայն ունենալով բարեկիրթ հասարակություն՝ պետությունը կարող է արժանապատիվ տեղ զբաղեցնել համաշխարհային բարդ և զարգացող համակարգում»։
Արեն Դեյիրմենջյանը ասաց, որ հաշվի առնելով դարավոր և այժմ էլ շարունակվող գործընթացները հայոց պետականության շուրջ՝ Ընկերակցությունը հրատապություն և առաջնահերթություն է համարում միջազգային իրավունքի, միջազգային դատարանների և ոլորտին առնչվող տարատեսակ գիտելիքներով բարձրակարգ մասնագետների պատրաստումը, ինչն իրականացվելու է Երևանի պետական համալսարանի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի միջոցով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության շրջանակում նոր ծրագրերի ու նախագծերի իրագործման հնարավորությունները։