March 04, 2024 | 12:27
Education
Society
Competitions
Classical Armenian Olympiad for schoolchildren: results are summed up
The results of the Classical Armenian Olympiad, held in November, were summed up at the YSU Faculty of Armenian Philology. Students from different schools in the republic won 10 nominations.
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, կարևորելով համալսարանում նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ չնայած ֆակուլտետում Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը ավանդաբար կազմակերպել է գրաբարին նվիրված բազում միջոցառումներ և օլիմպիադաներ, սակայն «Դասական լեզու Հայոց» մրցույթը բացառիկ է. առաջին անգամ է, երբ օլիմպիադան կազմակերպվել է աշակերտների համար։
«Չափազանց կարևորում եմ նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ հայոց լեզվի թանկարժեք մասի՝ ոսկեղենիկ գրաբարի պահպանման և տարածման տեսանկյունից։ Հուսով եմ, որ այս օլիմպիադայի անցկացումը կդառնա շարունակական, նաև վստահ, որ ԵՊՀ-ն մշտապես պատրաստ է հյուրընկալելու և մնալու ջերմ ու հարազատ միջավայր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել ու լավագույնս ճանաչել մեր լեզուն»,- ասաց Ա․ Գալստյանը:
Օլիմպիադայի կազմակերպման հարցում գործուն դերակատարում է ունեցել Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Աննա Աբաջյանը:
Շեշտադրելով մրցույթի կարևորությունն ու առանձնացնելով նպատակները՝ Ա. Աբաջյանն ասաց. «ԿԳՄՍՆ-ի կողմից նախօրոք պաշտոնապես հաստատված, իր տեսակի մեջ բոլորովին նոր ու յուրօրինակ այս մրցույթի անցկացման նպատակը թե՛ գրաբարի ուսուցանումը, արժևորումն ու տարածումն է, թե՛ ԵՊՀ-դպրոց կապի սերտացումը։ Նման մրցույթների շնորհիվ աշակերտները նաև հնարավորություն են ունենում այցելելու մայր բուհի մայր ֆակուլտետ, ծանոթանալու հայոց լեզուն ուսումնասիրելու՝ համալսարանի ընձեռած լայն հնարավորություններին: Հուսով եմ, որ այսպիսի սերտ շփումը նաև կապահովի ապագա որակյալ բանասերների հոսք դեպի ԵՊՀ»։
Մրցույթի համակազմակերպիչ, «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի նախագահ Մանե Ղևոնդյանը նշեց, որ խորհրդանշական ու պարտավորեցնող է համատեղ նախագիծ իրականացնել հատկապես ԵՊՀ-ի հիմնադիր ֆակուլտետի հետ. «ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը դասական հայերենը կենսունակ պահող օղակներից է՝ կարևորագույնը, քանի որ այստեղ ապահովվում է լեզվի խոր և բազմակողմանի ուսուցում, որակյալ մասնագետների պատրաստում։ Ուզում եմ նաև շեշտել, որ 21-րդ դարում գրաբարով ստեղծված այսչափ նյութը անգնահատելի է, և այս գործում յուրաքանչյուրի ներդրումը՝ թանկ»։
Օլիմպիադան ամփոփող միջոցառմանը ներկա էին նաև Երևանի և հանրապետության տարբեր մարզերի դպրոցներից մրցույթի վերջին փուլ անցած աշակերտներ: Արտաշատի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մայիս Պետրոսյանը, ներկայացնելով իր թիմի կատարած աշխատանքը, պատմեց, որ օլիմպիադային ներկայանալու համար ընտրել են գրաբարով ստեղծված շարականները։
«Մեր թիմի անդամներին միացել եմ 3-րդ փուլից, մեծ ոգևորվածությամբ։ Գրաբարը շատ եմ սիրել ու կարևորում եմ գործածումը՝ որպես մեր վաղեմի պատմության վկայություն»,-ասաց Մայիսը։
Հավելենք, որ մրցույթին մասնակցել են 170-ից ավելի աշակերտներ Երևանից և յոթ մարզերից` Արմավիր, Արարատ, Կոտայք, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ։ Նրանք նոյեմբերից մինչև մարտ աշխատել են դպրոցներում՝ ուսուցիչների ղեկավարությամբ:
Մրցույթն անցկացվել է եռափուլ ձևաչափով։ Առաջին երկու փուլերում ստուգվել է աշակերտի՝ գրաբարով նյութի ընթերցանությունը, ինչը հետապնդում էր գրաբար ընթերցելը խթանելու, ինչպես նաև գրաբարով ստեղծագործություններին ծանոթացնելու նպատակներ։
Վերջին` երրորդ փուլը (70 մասնակից) նվիրված էր նախագծային ուսուցմանը, որի շրջանակում աշակերտները դասական հայերենով ստեղծել են տարբեր նախագծեր` կոմիքսներ, տեսանյութեր, շարժանկարներ և այլն (դահլիճին կից ճեմասրահում ցուցադրված էին բազմաբովանդակ նկարներ, պատկերներ)։ Այսկերպ դպրոցականների շրջանում մեծանում է հետաքրքրությունը հայոց դասական լեզվի հանդեպ, միաժամանակ զարգանում են աշակերտների ստեղծագործական հմտություններն ու թվային գրագիտության կարողությունները։
Օլիմպիադայի ավարտին «Դասական լեզու Հայոց» մրցույթի հաղթողներն արժանացան դրամական պարգևի («Ինստիգեյթ» ընկերության կողմից), պատվոգրերի, գրքերի, իսկ հաղթող խմբերի ուսուցիչները՝ հայկական արտադրության սալիկային համակարգիչների (հովանավոր՝ «Բուտեխ» ընկերություն)։
Մրցույթը կազմակերպվել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, ֆակուլտետի ՈւԳԸ-ի, Արարատյան Հայրապետական Թեմի, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի և «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի համագործակցությամբ: