March 11, 2024 | 12:25
Science
Research
Publications and scientific journals
Scientific research aimed at improving the dispersion and absorption systems of certain drugs
Researchers of the YSU Faculty of Chemistry, together with researchers of the Institute of Chemical Physics of NAS RA and abroad, have published three scientific articles in a Q1 international journal. The main purpose of the articles is to promote the development of the fields of chemical manufacturing, pharmaceutics and biomedicine.
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Հեղինե Ղազոյանը «Մոլեկուլային հեղուկների» ամսագրում տպագրված «Դիմեթիլսուլֆօքսիդը նպաստում է ջրային խառը լուծույթներում նատրիումի դոկուսատի ավելի խոշոր միցելների առաջացմանը» վերտառությամբ հոդվածի համահեղինակներից է, ինչպես նաև թեմայի շրջանակում հետազոտություններ կատարող խմբի ղեկավարը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հետազոտական աշխատանքը նվիրված է ջուր-սուլֆօքսիդային լուծույթներում նատրիումի դոկուսատ, АОТ անունով հայտնի նատրիումի դիօկտիլսուֆօսուկցինատի կառուցվածքային առանձնահատկությունների, տրանսպորտային և ֆազային վարքագծի ֆիզիկաքիմիական ուսումնասիրությանը:
Խոսելով կատարված հետազոտությունից՝ Հեղինե Ղազոյանն ասաց․ «Նատրիումի դոկուսատն իր բացառիկ էմուլգացնող և ցածր տոքսիկ հատկությունների շնորհիվ արևմտյան քաղաքակրթության մեջ մի քանի դար կիրառվել է չորփորության դեմ կանաչ աղի ձևով: Այժմ այն ժամանակակից բժշկության մեջ լայնորեն կիրառվում է որպես որոշ դեղանյութերի կարևորագույն բաղադրամաս: Սակայն հայտնի են նաև ներկայում կիրառվող այդ դեղերի կողմնակի ազդեցությունները և տարիքային սահմանափակումները»։
Հետազոտողն ընդգծեց, որ, հաշվի առնելով այդ հանգամանքը, ակներև է դառնում կիրառվող դեղերի կատարելագործման և արդյունավետության բարձրացման համար առավել արդյունավետ և նպատակահարմար դեղորայքային կրիչներ և հավելանյութեր մշակելու անհրաժեշտությունը:
Հետազոտողների խնդիրն է եղել գիտականորեն ուսումնասիրել նատրիումի դոկուսատի միցելագոյացման ֆիզիկաքիմիական վարքագիծը բարձր սոլվատացնող ունակությամբ օժտված և ոչ թունավոր դիմեթիլսուլֆօքսիդի ջրային լուծույթներում: Անդրադառնալով ուսումնասիրության կարևորությանը՝ Հեղինե Ղազոյանը փաստեց՝ աշխատանքի արդիականությունը հենց դիմեթիլսուլֆօքսիդի օգտագործումն է, որը նույնպես լայնորեն կիրառվում է դեղագործության մեջ որպես դեղանյութերի տրանսպորտային ագենտ, քանի որ օժտված է բարձր թափանցելիությամբ և բջջի սառցապաշտպանիչ և ճառագայթապաշտպանիչ հատկություններով:
«Աշխատանքում զետեղված են մոտ մեկուկես տարվա ընթացքում տարբեր մեթոդների օգնությամբ կատարված հետազոտությունների արդյունքները, այդ թվում՝ տեսական քվանտոքիմիական հաշվարկները: Նմանատիպ արդիական և բարձրորակ հետազոտություններ կատարելուն մեծապես նպաստել է 2 տարի առաջ Litesizer 500 վերջին սերնդի լուսացրման բազմաֆունկցիոնալ սարքի ձեռքբերումը»,- ասաց ԵՊՀ դոցենտը:
Հետազոտողները կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ դիմեթիլսուլֆօքսիդը կտրուկ փոխում է նատրիումի դոկուսատի միցելագոյացման պայմանները։ Ուսումնասիրողները վստահ են, որ ստացված արդյունքները կնպաստեն դեղագործության ոլորտում այդ դեղերի թիրախային ցրման և յուրացման համակարգերի կարգավորմանը:
Հեղինե Ղազոյանը համահեղինակ է նաև «Դիմեթիլսուլֆօքսիդը կտրուկ ընդլայնում է պրոպիոնիտրիլ/դիմեթիլսուլֆօքսիդ/ջուր խառնուրդի հոմոգեն տիրույթը» վերտառությամբ հոդվածի, որը ևս տպագրվել է «Մոլեկուլային հեղուկներ» ամսագրում։
Այս աշխատանքը վերաբերում է հոմոգեն տիրույթում պրոպիոնիտրիլ-դիմեթիլսուլֆօքսիդ-ջուր եռակի համակարգի ծավալային հատկությունների ուսումնասիրմանը, որը համակցված է քվանտոքիմիական հաշվարկներով:
«Այս աշխատանքի առանցքային նշանակությունն այն է, որ ուսումնասիրվող համակարգի բաղադրիչները բևեռային լուծիչներ են, որոնք ոչ միայն կարող են առաջացնել ինքնաասոցիատներ, այլև փոխազդել միմյանց հետ՝ առաջացնելով կարճաժամկետ կոմպլեքսներ»,- ասաց Հեղինե Ղազոյանն ու հավելեց, որ միջմոլեկուլային փոխազդեցությունների միջև առաջացած մրցակցությունն էապես ազդում է համակարգի մակրոհատկությունների, մասնավորապես ծավալային հատկությունների և ծավալային կրճատումների վրա:
«Օրեցօր ակնհայտ է դառնում լուծույթներում կատարվող քիմիական շատ փոխազդեցությունների ելքի, կինետիկայի և մեխանիզմի կարգավորման անհրաժեշտությունը: Իհարկե, նման կարգավորումները հնարավոր է կատարել միայն լուծույթներում միջմոլեկուլային փոխազդեցությունների և սոլվատացման օրինաչափությունների բացահայտման ճանապարհով»,- նշեց նա:
Անդրադառնալով այս աշխատանքում թերմոդինամիկական կայունության տեսակետից առաջին անգամ քննարկվող պրոպիոնիտրիլ-դիմեթիլսուլֆօքսիդ-ջուր միաֆազ խառնուրդում երկակի և եռակի կոմպլեքսագոյացումներին, Հեղինե Ղազոյանն ասաց․ «Նոր բացահայտումները կնպաստեն ժամանակակից լուծիչների մշակման շարունակական գործընթացին և գործնական կիրառություն կգտնեն ոչ միայն քիմիական արտադրության, այլև կենսաբժշկության ոլորտներում»:
Նույն՝ Q1 վարկանիշ ունեցող «Մոլեկուլային հեղուկներ» ամսագրում Հեղինե Ղազոյանն իր գործընկերների հետ համատեղ ևս մեկ հոդված է հրապարկել․ «Դիֆենիլսուլֆօքսիդը ցուցաբերում է գերակշռող լուծելիություն մեթանոլում. ֆիզիկաքիմիական և քվանտոքիմիական ապացույցներ, համեմատությունը ացետոնիտրիլի հետ» վերնագրով հոդվածը տարբեր բևեռային լուծիչներում (մասնավորապես մեթանոլում և ացետոնիտրիլում) դիֆենիլսուլֆօքսիդի ֆիզիկաքիմիական ուսումնասիրության մասին է։
Խոսելով տարբեր մեթոդներով և տարբեր պայմաններում կատարված հետազոտություններից՝ ԵՊՀ դոցենտն ընդգծեց․ «Ներկայում դիֆենիլսուլֆօքսիդի կիրառումը ժամանակակից քիմիական տեխնոլոգիաներում դեռևս այնքան էլ տարածված չէ: Նախկինում որոշ կարևոր նյութերի սինթեզի համար այն հաջողությամբ կիրառվել է որպես կատալիզատոր, սակայն դիֆենիլսուլֆօքսիդը ունի հետաքրքիր քիմիական կառուցվածք, որում բավական մեծ ոչ բևեռային երկու հատվածներն առանձնահատուկ ձևով միացված են ուժեղ բևեռային խմբով»։
Նա հավելեց, որ գիտական տեսանկյունից սա բավական հետաքրքիր կառուցվածք է, որով էլ, բնականաբար, պայմանավորված է նրա լուծելիությունը սովորական բևեռային օրգանական լուծիչներում:
Հեղինե Ղազոյանը, անդրադառնալով հեղուկ միջավայրերում այս նյութի սոլվատացիոն վարքի ուսումնասիրությանը, նշեց, որ այն հնարավորություն կընձեռի բացահայտելու նման բացառիկ արժեք ունեցող քիմիական կառուցվածքի հետագա գործնական կիրառությունները:
Այս ուսումնասիրությունը «ազդարարել է» վերջին մեկ տարում Հեղինե Ղազոյանի և նրա գործընկերների՝ հետազոտական նոր ոլորտ մուտք գործելու մեկնարկը, ինչը, ըստ նրա, ուղենշում է այսօրինակ գիտական աշխատանքների շարունակականությունը: