- Main
- Node
- ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ ԹՈՒՐՔ ԵՎ ՔՈՒՐԴ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
March 09, 2020 | 14:59
Հասարակություն
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ ԹՈՒՐՔ ԵՎ ՔՈՒՐԴ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Ysu.am-ը զրուցել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀԻ ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Հայրունու հետ «Ցեղասպանության հակառակորդների միության» գործունեության և Ֆրանկֆուրտում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համաժողովի մասին:
- Պարո՛ն Հայրունի, «Ցեղասպանության հակառակորդների միությունը», որի կազմում գրեթե բացառապես թուրք և քուրդ մտավորականներ են համախմբված, հունվարի 18-ին Ֆրանկֆուրտում կազմակերպել էր Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համաժողով։ Կարո՞ղ եք տեղեկություն տրամադրել այդ մասին։
Մայնի Ֆրանկֆուրտում Ալի Էրտեմի նախագահությամբ թուրք և քուրդ մտավորականների կողմից հիմնադրված «Ցեղասպանության հակառակորդների միությունը» ավելի քան 20 տարի է, ինչ հետևողական պայքար է մղում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու համար՝ հանդես գալով բազմաբնույթ նախաձեռնություններով։ Գրեթե ամեն տարի՝ ապրիլին, նրա ներկայացուցիչներ գալիս են նաև Հայաստան՝ միասին ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը։ Անցյալ տարվա ապրիլին, օրինակ, միության մի բազմանդամ պատվիրակություն էր ժամանել, որը Ծիծեռնակաբերդում անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո հանդիպում ունեցավ նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ՝ ներկայացնելով ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրենց կողմից իրականացվող պայքարը և միաժամանակ հավաստելով իրենց միության անվերապահ զորակցությունն այդ նպատակով մեր կողմից տարվող աշխատանքներին։ Ինչպես միության անդամներն այնուհետև իրենց շնորհակալագրերում նշում էին, այդ հանդիպումը նրանց նոր լիցքեր և վճռականություն է հաղորդել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար իրենց պայքարը շարունակելու հարցում։
Միությունը յուրաքանչյուր տարի կազմակերպում է նաև Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ։ Նախորդ տարիներին մեծ մասամբ տեղի էին ունենում փողոցային ցույցեր և հանրահավաքներ։ Իսկ ահա այս տարի՝ փետրվարի 15-ին, այդ նպատակով կազմակերպվեց համաժողով, որն աչքի էր ընկնում ներկայացուցչական բարձր մակարդակով․ ի թիվս այլ անհատների ու կազմակերպությունների՝ մասնակցում էին և ելույթներով հանդես եկան նաև Թուրքիայից Եվրոպա տեղափոխված Թուրք աշխատավորների համադաշնությունը, ինչպես նաև Ֆրանկֆուրտի թուրքական համայնքային կենտրոնը։ Քանի որ համաժողովի հիմնական հասցեատերը թուրք և քուրդ հասարակությունն էր, այն անցկացվեց թուրքերեն։ Դա ուներ նաև այն առավելությունը, որ ելույթներն ու քննարկումները մասնակիցների և ընդհանրապես նշված հասարակության համար լիովին հասկանալի էին։ Մասնակիցների թիվը մոտ 100 էր։ Միջոցառումն ուղեկցվում էր նաև տպավորիչ երաժշտական կատարումներով, որոնք կազմակերպել էր Ֆրանկֆուրտի թուրքական համայնքային կենտրոնի նախագահ Բյուլենտ Գյուլն իր՝ «Էթնոտոլիա» երաժշտական խմբի հետ միասին։
- Ի՞նչ առանցքային նշանակություն ունեցող ելույթներ կային, և ի՞նչ ուղերձներ էին դրանք պարունակում։
- Միջոցառման բացումը տեղի ունեցավ ստամբուլահայ երիտասարդ, «Նոր զարթոնք» կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսիս Կալկի ելույթով, որը ներկայացրեց Հրանտ Դինքի գործունեությունն ու այն հետքերը, որ թողել է Թուրքիայի հասարակական գիտակցության մեջ։ Նրա՝ բարձրակարգ թուրքերեն և խիստ բովանդակալից ելույթը հիացրեց բոլոր ներկաներին
Այնուհետև ելույթով հանդես եկավ Թուրքիայից Եվրոպա տեղափոխված Թուրք աշխատավորների համադաշնության բանախոսը, որը, ներկայացնելով Հրանտ Դինքի կենսագրությունը, հանգամանալից անդրադարձ կատարեց նրա հանդեպ իրագործված ոճրագործությանը։ «Ֆաշիստական թուրքական պետությունը և նրա ներկայիս ներկայացուցիչ՝ Արդարության և զարգացման կուսակցությունն են, որոնք կայացրել են Հրանտ Դինքի սպանության վճիռը և հանձնարարել դրա իրագործումը,- հայտարարեց նա իր ելույթում,- Հրանտ Դինքը դարձավ թիրախ, քանի որ հավատում էր, որ թուրք, քուրդ, լազ և հայ ճնշված ազգերը կարող են համատեղ և իրավահավասար ապրել, ու որևէ քայլ չնահանջեց իր պայքարից։ Ցեղասպանական քաղաքականությունը, որն իրագործվել է հայերի, եզդիների, ասորիների, քաղդէացիների և հույների հանդեպ, այսօր ուղղվում է բոլոր փոքրամասնությունների, մասնավորապես քրդերի և ալևիտների դեմ։ Հրանտ Դինքի սպանությունը նաև հայերի և այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ թուրքական պետության թշնամական կեցվածքի մի ինդիկատոր է։ Այդ սպանությունը չի կարող պատմության կողմից մոռացվել։ Մտավորական և լրագրող Հրանտ Դինքը, որը դարձավ խաղաղության խորհրդանիշ և հայտնի է որպես ճերմակ աղավնի, կշարունակի բոլոր ճնշվածների համար մնալ խաղաղության ջահակիրը։ Մենք չե՛նք մոռանալու Հրանտ Դինքին սպանողներին։ Հրանտ Դինքն անմահ է»։
Թուրքական համայնքային կենտրոնի նախագահ Օզգյուր Մուրատն իր ելույթում անհրաժեշտ համարեց Դինքի սպանությունը դիտարկել Հայոց ցեղասպանության համատեքստում՝ նշելով, որ Դինքի նպատակներն ու երազանքները նույնպես լիարժեք չեն ընկալվի, եթե այդ համատեքստում չդիտարկվեն։ Թուրքիայում սոցիալական արդարությունն ու իրավահավասարությունը, որին ձգտում էր Դինքը, ըստ բանախոսի, կարող են իրականություն դառնալ միայն ցեղասպանության փաստի ընդունման և դրան զոհ դարձած ժողովուրդների հանդեպ ատելության վերացման դեպքում։ «Որպես համայնքային կենտրոնի նախագահ,- նշեց բանախոսն իր եզրափակիչ խոսքում,-կկամենայի հայտարարել, որ մենք այսուհետ ևս կանգնած ենք լինելու ճնշված ժողովուրդների կողքին, որոնք մատնվել են ցեղասպանության ու կոտորածների»։
Այնուհետև ելույթ ունեցավ «Ցեղասպանության հակառակորդների միության» նախագահ Ալի Էրտեմը։ Ողջունելով ներկաներին՝ նա ընդգծեց, որ միությունը երբևէ չի դադարելու բախել իր առջև դեռ շարունակ փակվող դռները, որոնց ետևում թուրք ազգայնական մտածողության կրողներն են, և չի դադարելու ջանքեր գործադրել՝ այդ մտածողությունը փոխելու միջոցով արդարության համար իր պայքարում նորանոր աջակիցներ ձեռք բերելու նպատակով։ «Մենք վճռականորեն պայքարելու ենք այն ընկալման դեմ, որն արդարությունը փորձում է փնտրել մութ իշխանության՝ շարունակ փոփոխվող ձեռքերի մեջ։ Քանի որ ցեղասպանական վարչակարգը, որն Արևմտյան Հայաստանի, Պոնտոսի, Միջագետքի ժողովուրդներին, մասնավորապես հայ ժողովրդին, հույներին, ասորիներին և եզդիներին սպանդի է ենթարկել, մեծագույն խոչընդոտ է արդարության հասնելու ճանապարհին։ Նույն կառավարությունն այսօր ալևիտներին և քուրդ ժողովրդին է համարում խոչընդոտ, որը պետք է վերացվի ազգային պետություն ունենալու համար։ Ճնշված ժողովուրդներից զատ՝ հետապնդումը թիրախավորում է յուրաքանչյուր անհատի, որը հանդես է գալիս հանուն մարդկային արժանապատվության։ Մեր օբյեկտիվ իրատեսությունը մեզ ցույց է տալիս, որ թուրքական պետության կողմից հետապնդվող բոլորի ճակատագիրն աղերսվում է ցեղասպանության զոհերի ճակատագրին։ Մենք պահանջում ենք, որ մեր երկրի իշխանությունները պաշտպանեն ժողովրդավարությունը, իրավունքներն ու ազատությունները, որ արդարադատությունը պայքարի ցեղասպանության ժխտման դեմ։ Մենք պահանջում ենք, որ նրանք ապրիլի 24-ին տան այն նշանակությունն ու կարևորությունը, որն այդ օրն ամփոփում է, այլ խոսքերով, որ նրանք առերեսվեն իրենց արյունոտ, մութ անցյալին»։
Առաջադրելով այն հարցը, թե ինչու հնարավոր չեղավ պաշտպանել Դինքին և փաստելով, որ դա անզեն մարդկանց կողմից զինված բռնապետության դեմ դուրս գալու ճանապարհով իրատեսական չէր կարող լինել, Ալի Էրտեմը կատարեց նաև ուշագրավ եզրահանգումներ։ «Ինչո՞ւ մենք չկարողացանք պաշտպանել Հրանտ Դինքին,- նշեց նա,- մենք պարտավոր ենք այդ հարցին պատասխան գտնել։ Ես կարծում եմ, որ մենք կյանքի բնական ռեֆլեքսներից պետք է դասեր քաղենք՝ այդ հարցին պատասխանելու համար։ Բնագետները, որոնք ուսումնասիրում են անգղերի կամ բազեների կողմից հարձակման ենթարկվող երամների վարքագիծը, արձանագրում են հետևյալ փաստը։ Այն պահից, երբ թռչունները հարձակումը նկատում են, նրանք տասնյակներով և նույնիսկ հարյուրներով սկսում են թռչել հարձակվողների առջև և նրանց շատ մոտիկ։ Այդ իրավիճակում հարձակվողը չի կարողանում վճռել՝ ում հետապնդի, հոգնում է, հասնում գլխապտույտի և չի կարողանում իր որսը ձեռք բերել։ Պաշտպանության այդ բնազդը փրկում է թռչունների կյանքը։ Եթե մենք Հրանտի իդեալները կարողանայինք դարձնել մեր իդեալները, մենք կկարողանայինք կանգնել մարդասպանի, այլ խոսքով ասած՝ պետության առջև և հաշվետվություն պահանջել նրանից։ Եթե դուք՝ բոլորդ, Հրանտ և մենք՝ բոլորս, հայեր լինեինք, ապա մենք, Հրանտին չպահելով մեր առաջին շարքում, կկարողանայինք խանգարել մարդասպանին՝ իրականացնելու իր գործողությունը։ Ես կարծում եմ, որ մենք մեծ «ներողություն ենք պարտք» Հրանտին և հայ ժողովրդին, ցեղասպանության զոհերին, քանի որ չենք կարողացել այդ մարդկային համերաշխությունը ցուցաբերել։ Ես նաև գտնում եմ, որ անհնար է անտեսել այն անհրաժեշտ, մեծ դասը, որը մենք պետք է այդ սխալից քաղենք»։
Համաժողովում ելույթ ունեցավ նաև «Ցեղասպանության հակառակորդների միության» գործուն անդամներից մեկը՝ ազգությամբ քուրդ Էրան Գյունդուզը, որը ջերմ հարաբերություններ ուներ Դինքի հետ և 2005 թ․ մի հարցազրույց էր վարել, ներկայացրեց մի շարք հուզիչ վերհուշ-վկայություններ իրենց անձնական հանդիպումներից։ Այդ արժեքավոր հարցազրույցը, ի դեպ, արդեն մատչելի է նաև հայալեզու ընթերցողին հետևյալ կայքէջում՝ https://akunq.net/am/?p=70105։ Հղում կատարելով թուրք պատմաբան Թաներ Աքչամի այն դրույթին, որ Դինքը դարձավ Թուրքիայի հասարակության Մարտին Լյութեր Քինգը, Էրան Գյունդուզը նույնպես այն համոզումը հայտնեց, որ սեփական անցյալի, սխալների և անիրավությունների, մեղքերի և վայրագությունների հետ չառերեսվող հասարակությունը և պետությունը ապագա չունեն։
Կարևոր է, որ համաժողովի կողմից նաև մի կոչ հղվեց հասարակայնությանը՝ Դինքի հիշատակի մեծարմամբ հանդես գալու վերաբերյալ։
- Պարո՛ն Ալի Էրտեմը, Ձեզ ուղարկելով համաժողովում ներկայացված ելույթների տեքստերը և հանգամանալից իրազեկելով դրա ընթացքի մասին, նաև ներկայացրել է մի շարք նկատառումներ իրենց անելիքների վերաբերյալ։ Մասնավորապես ինչի՞ մասին է խոսքը։
- Այո՛, պարոն Էրտեմն իր նամակում ներկայացրել է մի շարք նկատառումներ այդ մասին ու նաև ի մի է բերել Հայաստանից և ԵՊՀ-ում կազմակերպված՝ վերոնշյալ հանդիպումից իր տպավորությունները։ «Մենք հետևողականորեն կազմակերպում ենք միջոցառումները և փորձում ենք միաժամանակ մոբիլիզացնել իրենց ժողովրդավարական-առաջադիմական համարող այլ մարդկանց և կազմակերպությունների,- գրում է նա,- ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս մեր ղեկավար վերնախավը Թուրքիայի «ապագան» կառուցում է կեղծիքների և զրպարտությունների վրա՝ ուղղված այն ժողովուրդներին (առաջին հերթին՝ հայերին), որոնց նա մոտ անցյալում խոշտանգել, անպատվել, սպանել և իրավազրկել է։
Միջնակարգ դպրոցներում և համալսարաններում, մզկիթներում և զորանոցներում, հասարակական կյանքում մեր ղեկավար վերնախավը փորձում է ճշմարտությունն աղավաղել, աղճատել և պատմության կեղծ պատկեր ներկայացնելով ու իր քաղաքացիների «ուղեղը լվանալով»՝ նրանց ձևախեղել։ Նա փորձում է պատերազմական հանցագործություններով և մարդկայնության դեմ հանցագործություններով պահել իր իշխանությունը։ Ջիհադիստներին բացահայտորեն աջակցելը, օտար տարածքների (հյուսիսային Սիրիա) գրավումը և քուրդ ժողովրդի դեմ ցեղասպանական հարձակումները ցույց են տալիս, որ իշխանական վերնախավն անուղղելի կրկնահանցագործ է։ Սիրելի՛ Աշոտ, ուրախալիորեն ես տեղյակ եմ պատմության հանդեպ քո դիրքորոշմանը, ծանոթացել եմ նաև մի քանի այլ հայ պատմաբանների, ինչպես նաև քո որոշ գործերին։ Բարեբախտաբար, ես ունեցել եմ նաև ձեր աշխատություններն այլ վստահելի աղբյուրների հետ համեմատելու հնարավորություն։ Ձեզ մոտ իրավիճակն այլ է։ Ինչպես նաև ես քո գրքի դեպքում եմ արձանագրել՝ շարադրանքը հիմնված է ժայռակոփ հիմքերի և ըստ այդմ՝ ճշմարտության վրա։ Այդտեղ ես շատ բան եմ տեսնում նաև մեր սեփական պատմությունից, որը մեր հասարակությունից գաղտնի է պահվում։ Ես ճշմարտությունից և օբյեկտիվությունից հեռանալու նույնիսկ նվազագույն փորձ չեմ տեսնում։ Հայ պատմաբանները շարադրում են պատմությունը՝ այն գալիք սերունդներին փոխանցելու համար, որպեսզի դրանից սովորեն և հայ հասարակության ապագան կառուցեն։ Ես նախանձում եմ ձեր դպրոցներին, համալսարաններին, ես նախանձում եմ ձեր աշակերտներին և ուսանողներին։ Նրանք բարեբախտություն ունեն կրթվելու առաջնակարգ մասնագիտական ուժերի, ազնիվ և շիտակ ուսուցչական ու դասախոսական վերնախավի (պրոֆեսորներ, դոցենտներ, ուսուցիչներ) կողմից։ Նրանք իրավունք կունենան հավատով լի նայելու ապագային։ Մեզ մոտ իրավիճակը միանգամայն այլ է։ Մենք ունենք կեղծիքների մի արդյունաբերություն՝ մի ցեղասպան իշխանություն վայրագ բռնության և ճնշման միջոցով պահպանելու, թուրքական հասարակության ապագան ավերելու համար։ Իհարկե, այդպես ավերվում է նաև թուրքական տիրապետության տակ գտնվող ճնշված ժողովուրդների ապագան։ Այստեղ գրվում է մի այնպիսի «պատմություն», որը պետք է արդարացնի հանցագործությունը։ Դա մեր դառն իրականությունն է, որի մեջ ես թուրքական պետությունը բարեփոխելու որևէ հնարավորություն չեմ տեսնում։ Խնդրում եմ ինձ սխալ մի հասկացիր։ Ես հոռետես չեմ։ Չնայած այդ դառն իրականությանը՝ ես հավատում եմ հասարակության խղճին, որը մենք պետք է հետագայում ևս շարունակ առավել զգայուն դարձնենք։ Հենց որ ՆԱՑԻՍՏԱԿԱՆ ԽԱՎԱՐԻ մեջ լույս ճառագի, կգա թուրքական տիրապետության վերջին ժամը։ Այնուհետև այլևս ոչ մի ցեղասպան իշխանություն չի կարողանա գոյատևել։ Ես չեմ կարող մարգարեություն անել, թե դրանից հետո ավերակներից ինչ կստացվի, բայց ամեն դեպքում ցեղասպանությունից տուժած ժողովուրդների, Մերձավոր Արևելքի և առհասարակ մարդկության համար ավելի լավ կլինի»։
- Իսկ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ նշանակություն և կարևորություն ունի «Ցեղասպանության հակառակորդների միության» գործունեությունը։
- Թուրք և քուրդ մտավորականներին համախմբող որևէ այլ կազմակերպություն, որը միանշանակ և անվերապահ պայքարում է Հայոց ցեղասպանության և թուրքական վարչակարգի կողմից այլ նմանօրինակ ոճրագործությունների ճանաչման համար, թերևս չկա։ Եթե Թուրքիան երբևէ պետք է ճանաչի ցեղասպանությունը, ապա դա կարող է լինել այդ երկրի հասարակության իրազեկման դեպքում։ Սա նկատի ունենալով՝ անհնար է գերագնահատել «Ցեղասպանության հակառակորդների միության» գործունեությունը։ Պարոն Էրտեմը և իր գործընկերները հետևողական ջանքեր են գործադրում թուրքական ու առհասարակ թրքախոս հասարակությանը ցեղասպանության մասին իրազեկելու համար և մեծ կարևորություն են տալիս այդ ճանապարհին թուրքական սփյուռքի՝ այլ կառույցների հետ համագործակցությանը։ Այս համաժողովը, որին մասնակցում էին թուրքական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, նույնպես փաստեց դա, և պատահական չէ, որ այն արդեն բազմաթիվ արձագանքներ է ստացել թուրքական սփյուռքի որոշ շրջանակների կողմից։ Եթե մենք ցեղասպանության ճանաչումը մեր արտաքին քաղաքականության օրակարգում ենք դասում և հետամուտ ենք դրան, ապա պետք է մեծապես կարևորենք այս կազմակերպության գործունեության նշանակությունը՝ ապահովելով մեր աջակցությունը։ Թուրքական վարչակարգի ժխտողական քաղաքականությունն ամենից շատ երկյուղում է իր հասարակության իրազեկումից, ինչին ուղղված են «Ցեղասպանության հակառակորդների միության» ջանքերը։
Անի Պողոսյան