- Main
- Node
- ԱՐՏԱՀԵՐԹ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄՄԱԿԱՐԳ
March 14, 2020 | 10:17
Կրթություն
ԱՐՏԱՀԵՐԹ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՄՄԱԿԱՐԳ
ԵՊՀ ուսումնական գործընթացում առաջին անգամ ներդրվել է «BigBlueButton» վեբկոնֆերենց համակարգը, որը կիրառվել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Հիշեցնենք, որ դեռ մարտի 3-ից Միջազգային հարաբերություների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի հանձնարարությամբ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը «Moodle» համակարգի միջոցով իրականացրել է հեռավար ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև խափանում թույլ չտալու համար։
Մարտի 13-ից, երբ հայտարարվեց, որ ուսումնական գործընթացը մինչև մարտի 23-ը դադարեցվելու է, ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցներ Ա․ Ավագյանի, Զ․ Զաքարյանի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանատի ջանքերով ներդրվել է «BigBlueButton» վեբկոնֆերեց համակարգը, որն աշխատելով «Moodle» կրթական համակարգի միջոցով, հնարավորություն է տալիս վիրտուալ լսարանի միջոցով մասնակցելու վեբինարների:
Վեբինարները Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար կազմակերպվել են ֆակուլտետի դեկանի տեղակալ Ժակ Մանուկյանի «Պատերազմի էթիկա» և «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում» դասընթացների շրջանակում:
Մեզ հետ զրույցում Ժակ Մանուկյանը պարզաբանեց, որ վեբինարի միջոցով վիրտուալ լսարաններում ուսնողները հնարավորություն ունեն և՛ ունկնդրելու դասախոսությունը, և՛ հարցեր ուղղելու դասախոսին, ինչպես նաև կազմակերպելու քննարկումներ։
Նա փաստեց, որ առաջիկա օրերին նախատեսվում է «Moodle» կրթական հարթակում «BigBlueButton» վեբկոնֆերենց համակարգի կիրառումն ապահովել նաև ֆակուլտետի բակալավրատի ուսանողների համար։
Գեղամ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վեբինարների կիրառումն ուսումնական գործընթացում կարևոր քայլ է և նախատեսված է հիմնականում խառը (blended) ուսուցման համար. «Ըստ էության՝ այն նորույթ է ԵՊՀ ուսումնական գործընթացում, որը միանշանակ նպաստում է Միջազգային հարաբերություների ֆակուլտետում կրթության որակի բարձրացմանը»։
Ժակ Մանուկյանն ասաց, որ «BigBlueButton» վեբկոնֆերենց համակարգի կիրառման ընթացքում առաջացել են տեխնիկական մի շարք խնդիրներ, որոնց բարելավման նպատակով աշխատանքային խումբը շարունակում է աշխատանքներ կատարել՝ արտահերթ արձակուրդի պայմաններում ապահովելու ֆակուլտետի ուսանողների ուսումնական գործընթացը:
Քնար Միսակյան