- Main
- Node
- ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԿԻՐԱՌԵԼՈՎ ԱՌՑԱՆՑ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ
March 23, 2020 | 19:41
Կրթություն
ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԿԻՐԱՌԵԼՈՎ ԱՌՑԱՆՑ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ
Արևելագիտության ֆակուլտետում հեռավար դասընթացների ամբողջական մեկնարկը տրվել է մարտի 17-ից, սակայն մինչև այդ էլ առանձին դասախոսներ կիրառել են դասավանդման այս մեթոդը:
Մեզ հետ զրույցում ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հաղորդեց, որ ֆակուլտետում դասերն ընթանում են՝ ըստ դասացուցակի, դասախոսներն էլ պարտաճանաչ և պատասխանատու մոտեցում են ցուցաբերում. «Չնայած հաշվետվողականության մեխանիզմի առկայությանը՝ մենք վստահում ենք մեր գործընկերներին, և կարծում եմ, որ ազատ, անկաշկանդ ակադեմիական միջավայրի հաստատումն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքը»:
Նրա խոսքով, Արևելագիտության ֆակուլտետի շահեկան կողմերից է դասախոսական կազմի ավելի երիտասարդ տարիքը, որը լրացուցիչ խթան է նոր տեխնոլոգիաների կիրառման համար. «Հեռավար ուսուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար ֆակուլտետում կիրառվում են «Slack», «Skype», «Google classroom», «Zoom meeting», «Mail», «Messenger», «BigBlueButton» առցանց ծրագրերը, կիրառվում է նաև «e-learning.ysu.am»-ը, որը հաջողված հարթակ է»:
Դեկանն ասաց, որ ստեղծվել է նաև «առցանց դեկանատ», որտեղ ամենօրյա ռեժիմով դեկանի տեղակալը և ամբիոնների վարիչները քննարկում են ուսումնական գործընթացի հետ կապված հարցերը. «Ես` որպես դեկան, առցանց ռեժիմով կապի մեջ եմ ամբիոնների վարիչների, դեկանի տեղակալի, ուսանողական կառույցի ղեկավարի հետ, ինչպես նաև հասանելի եմ ուսանողների համար սոցիալական ցանցերի և էլեկտրոնային փոստի միջոցով»:
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Մերի Վարդումյանը, անդրադառնալով ուսանողության շրջանում հեռավար ուսուցման կիրառմանը, նշեց, որ միակ դժվարությունն առցանց դասերի մեկնարկը տալն էր, քանի որ շատ ուսանողներ կամ չէին տիրապետում տվյալ ծրագրերին, կամ չէին հարմարվում առցանց ուսուցմանը։
«Սակայն մեկ-երկու դասը բավական էր այս խնդիրները հաղթահարելու համար։ Ներկայումս դասերն ընթանում են շատ արդյունավետ։ Երբեմն դասի տևողությունը կարող է 90 րոպեից ավելի լինել, քանի որ այս ձևաչափով աշխատելն ավելի հեշտ է և տրամադրող»,-ասաց Մերի Վարդումյանը։
Հիշեցնենք նաև, որ մարտի 20-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար դասախոսություն էր կարդացել Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների համար` նվիրված Հայաստան-Մերձավոր Արևելք հարաբերություններին:
Պատրաստեց Քնար Միսակյանը