- Main
- Node
- «ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
March 10, 2021 | 16:45
Հասարակություն
«ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ». ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «ԵՊՀ ՈւԳԸ հոդվածների ժողովածու» երիտասարդական պարբերականի նոր համարների շնորհանդեսը, որի ընթացքում անցկացվել է պանելային քննարկում՝ «Հետպատերազմյան Հայաստանի զարգացման հեռանկարները» խորագրով:
Քննարկման ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Տարոն Սիմոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ռոման Կարապետյանը:
Տարոն Սիմոնյանն իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ պետականաշինության ամբողջ գործընթացն անքակտելիորեն կապված է կրթական հաստատությունների հետ, և որ հետպատերազմյան Հայաստանի զարգացումն էլ պետք է սկսել կրթական ամբողջ համակարգը վերաիմաստավորելուց:
«Յուրաքանչյուր մեծ իրադարձություն, դրական, թե բացասական, հնարավորություն է տալիս ընդհանրապես վերիմաստավորել այն միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, և այն կառուցակարգերը, որոնց օգնությամբ մենք կազմակերպում ենք սեփական համակեցությունը»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով, այս պատերազմից հետո մարտահրավերներն էլ ավելի բազմաթիվ են դարձել. «Ցավոք, եթե մինչ այս մենք տեսնեինք իրական մարտահրավերները, գուցե կարողանայինք խուսափել կամ պակաս ցավոտ լուծումների գնով հասնել ինչ-որ իրավիճակի: Այժմ պետք է առաջին հերթին հասկանանք՝ որտեղ էին թաքնված մեր խնդիրները, և դրանց լուծմամբ ինչ զարգացումներ կարող ենք ապահովել հետագայում»:
Տարոն Սիմոնյանի խոսքով, միանշանակ պետք է վերացնել պատերազմի հետևանքները, և դրանով որոշակիացներ մեր երկրի ապագայի հեռանկարը: Նրա պարզաբանմամբ, հետևանքների վերացումը ենթադրում է ոչ միայն կորսվածի վերադարձը, այլև համապատասխան պետությանը և դրա ռազմաքաղաքական ղեկավարությանը պատասխանատվության առջև կանգնեցնելը:
«Եթե թույլ տան, որ Ադրբեջանի Հանրապետությունը և ռազմաքաղաքական ղեկավարությունը մարսեն այն, ինչ իրականացրել են, կնշանակի, որ այդպես թույլատրելի է և կարելի է: Մենք պատերազմի սկզբում էլ նշում էինք, որ ինչ-որ առումով սա քաղաքակրթությունների բախում է, և ստացվում է, որ պատերազմում հաղթեց մարդատյացությունը, որ իրավականությունը: Այժմ մենք էլի պիտի լինենք այն բաստիոնը, որը պետք է կարողանա պահանջել Ադրբեջանից և միջազգային հանրությունից, որ վերջ դրվի մարդատյացությունը, իսկ աշխարհում կգերակայի իրավունքը»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Նրա տեղեկացմամբ, այժմ այս ուղղությամբ իրականացվում են գործընթացներ, մասնավորապես միջազգային իրավական գործընթաց՝ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության դեմ: Տարոն Սիմոնյանը մանրամասնեց իրավական մյուս գործընթացները, որոնք իրականացվում են այժմ և հետագա անելիքները.«Մենք նվազագույնը պետք է վերականգնենք արդարությունն այս մակարդակում՝ գոնե ինքներս մեզ հարգելու համար: Եթե մենք մեզ չհարգենք, միջազգային հանրությունը չի հարգի, իսկ խղճալով ազգեր և պետություններ չեն կառուցում, այլ համառ պայքարի միջոցով»:
Խոսելով ներքին հարթակի զարգացման մասին՝ Տարոն Սիմոնյանը փաստեց, որ նախևառաջ պետք է վերաիմաստավորել պետականությունը. «Ցավոք, երեք տասնամյակի մեր անկախ պետականության պատմությունը մեզ լիարժեք դասեր չտվեց, և իրականում մենք սկսեցինք ամբողջ պետական համակարգը և պետական ինստիտուտներն առավելապես օգտագործել քաղաքական առանձին կուսակցությունների կամ անձանց շահերի սպասարկման համար: Հիմա փորձ ենք անելու իրական պետական ինստիտուտներ կառուցել»:
Վարդան Ոսկանյանն իր ելույթի ժամանակ խոսեց Հայաստանի միջավայրի մասին, որն էականորեն փոփոխվել է պատերազմից հետո: Նա փաստեց, որ նախևառաջ պետք է հասկանալ, թե որն է մեր տեղն աշխարհում, և ասաց, որ այդ հարցի պատասխանը տրվել է 5-րդ դարում, երբ Հայաստանը և հայությունը ներկայացել են արևելքի ու արևմուտքի սիմբիոզ, միաձուլում, համադրում:
«Եթե նայենք 5-րդ դարի մեր մտավոր արտադրանքին, ապա կտեսնենք, որ այն հիմնականում պատմություն է, ինչը բնորոշ էր հունահռոմեական աշխարհին՝ ի տարբերություն առասպելի, որը բնորոշ է արևելյան աշխարհին: Հետևաբար այս համատեքստում որպես ազգ և պետություն՝ մենք մեր մեջ ամփոփում ենք պատմությունը և առասպելը միաժամանակ, նույնիսկ Խորենացու պատմության մեջ կա առասպելը»,- պարզաբանեց Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով, շատ ժամանակ քարոզվում է բացառապես մեր ինքնության արևմտյան բաղադրիչը, և մոռացվում է արևելյան բաղադրիչը, որը, ըստ էության, ձևավորում է մեր կենցաղն ամբողջությամբ՝ ի տարբերության դերային մեր այլ բաղադրիչների. «Այս համատեքստում Հայաստանի համար որքան կարևոր է արևմուտքը, նույնքան կարևոր է արևելքը»:
«Հետպատերազմյան Հայաստանում միջավայրը փոխվել է՝ անկախ նրանից, թե այդ միջավայրի մաս կազմող պետություններն ընդունում են, թե ոչ: Հայաստանի ապագան հասկանալու համար մենք պիտի պարզենք, թե այդ ինչ փոփոխություն է տեղի ունեցել: Փոխվել են շատ կարևոր հատկանիշներ, ի հայտ են եկել նոր գործոններ: Փոխվել են նաև թշնամական երկրների միջավայրերը»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Նա, խոսելով Ադրբեջանի մասին, ասաց, որ ի հեճուկս՝ այդ երկրի ղեկավարի «հաղթական» հռետորաբանությանը, այն կորցրել է իր ինքնիշխանությունը. «Այո, Հայաստանը ևս կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը, բայց Ադրբեջանի պարագայում էլ ամենևին այն հաղթական հռետորաբանության խճապատկերը չէ, որի հետ մենք գործ ունենք»:
Վարդան Ոսկանյանը փաստեց, որ եթե Ադրբեջանի դիտարկմամբ իրենց պատկանող տարածքը դիտարկենք պատերազմից հետո, ապա կտեսնենք, որ այդ տարածքում հայտնվել են իրենց համար 3 օտար զինված ուժեր՝ Արցախի ՊԲ-ն, խաղաղապահ զորքի անվան տակ ռուսական ռազմակայանը և թուրքական զինված ուժերը. «Եթե սրան էլ ավելացնենք ահաբեկիչների առկայությունը, ապա կտեսնենք, որ Ադրբեջանը ևս խոշորագույն մարտահրավերների առջև է»:
Նա նշեց, որ Ադրբեջանի համար ավելացել են նաև տարածքների վերաբնակեցման և ենթակառուցվածքների զարգացման խնդիրներն են, որոնք մեզ հաջողվել էր լուծել մասամբ: Խոսելով տարածքների մասին՝ Վարդան Ոսկանյանը փաստեց, որ դրանք պատմականորեն Հայաստանի մաս են և հղում արեց Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատությանը, որտեղ վկայված են բոլոր տարածքներն իրենց հայկական ավանումներով:
Անդրադառնալով Թուրքիային՝ Վարդան Ոսկանյանն ասաց, որ այն իհարկե ուժեղացրել է իր դիրքերը մեր տարածաշրջանում, բայց այն նույնպես ունի բազմաթիվ խնդիրներ. «Կովկասյան տարածաշրջանում և խոշոր հաշվով Մերձավոր Արևելքում ռուս-թուրքական որևէ հանգույց չի լուծվել, ընդհակառակն այդ հակասությունները սրվել են»: Նա նաև բացատրեց, թե պանթուրքիզմն ինչպես է հակասում Ռուսաստանի և Իրանի շահերին:
Խոսելով ապագայի տեսլականի մասին՝ Իրանագիտության ամբիոնի վարիչն ասաց, որ ներկայիս դժվարին իրավիճակը հնարավոր է հաղթահարել:
Հայկ Մնացականյանն իր ելույթում ասաց, որ զարգացմանը հասնելու համար պետք է ցանկություն, ներդրում և օգնություն դիմացինին: Նա, խոսելով տնտեսության մասին, նշեց, որ 30 տարվա ընթացքում ձևավորվել է կառուցվածք, որի 54 տոկոսը առևտուր և ծառայություններ են, շուրջ 18 տոկոսը՝ արդյունաբերություն, 11 տոկոսը՝ գյուղատնտեսություն, հարկեր և այլ ուղղություններ: Նրա տեղեկացմամբ, երկիրը երկու անգամ ավելի շատ ներկրում է, քան արտահանում, ինչը նշանակում է, որ մենք էապես կախված ենք արտաքին միջավայրից:
Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի կարծիքով, զարգանալու համար պետք է շատ արտադրել և արտահանել. «Տնտեսության զարգացման համար կարևորը մտածելակերպի, մոտեցման փոփոխությունն է»,- ասաց Հայկ Մնացականյանը և փաստեց, որ պրոֆեսիոնալ կադրերն են կանխորոշում զարգացումը: Նա ասաց նաև, որ զարգացման կարևոր հիմքը նաև պատասխանատվությունն է:
Ռոման Կարապետյանը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների մասին՝ փաստելով, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, և հետպատերազմյան գործընթացն էականորեն ազդել է ներքաղաքական և հետևաբար արտաքին գործընթացների վրա:
Նրա խոսքով, մենք այժմ այն փուլում ենք, ինչ-որ Ադրբեջանը գտնվում էր 1994 թ., և այժմ առաջ ենք քաշում այն նույն թեզերը, ինչ Ադրբեջանն այն ժամանակ՝ մասնավորապես պարտության գործոնը պայմանավորելով այլ ուժերի մասնակցությամբ:
Ռոման Կարապետյանը խոսեց Ադրբեջանի արտաքին քաղաքանությունից՝ նշելով, որ այն նպատակ ունի դառնալու ռեգիոնալ գերտերություն. «Ես կարծում եմ, որ 2020 թ. պատերազմն Ադրբեջանի ռեգիոնալ գերտերության վերաճելու արտաքին քաղաքականության առաջին քայլն է: Այս ուղղությամբ մենք պետք է սպասենք նոր գործողությունների»:
Անդրադառնալով մեր խնդիրներին՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտն ասաց՝ այս պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սահմանափակ ռեսուրսներ ունեցող պետությունների պարագայում հավասարակշռված բամզավեկտորությունն այնքան էլ արդյունավետ չի աշխատում:
Նա ասաց, որ պետք է արձանագրենք մեր տեղը և հասկանանք, թե ինչ ենք ուզում: Նրա փաստմամբ, այժմ պետք է հանգուցալուծել ներքաղաքական ճգնաժամը և սահմանել արտաքին քաղաքականության գերակայությունները:
Քնար Միսակյան