- Main
- Node
- «ՑԱՆԿԱՑԱԾ ԱԶԳ, ԵՐԲ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ
March 16, 2021 | 16:51
Հասարակություն
«ՑԱՆԿԱՑԱԾ ԱԶԳ, ԵՐԲ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր գիտխորհրդի նիստերի դահլիճում «Հայկյան ուղեծիր. առաքինություն և առաջընթաց» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դոցենտ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Հանդիպման սկզբում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արման Գրիգորյանը փաստեց, որ վերջին շրջանում հայ ժողովրդի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերները ստիպում են ևս մեկ անգամ վերարժևորելու դավանած արժեքները, ազգ-պետականություն գաղափարը. «Այսօր ժամանակն է ևս մեկ անգամ ետադարձ հայացք գցել և ոչ թե փնտրել ձախողումների պատճառները, այլ վերագտնել հաջողության բանաձևը»:
Տարոն Սիմոնյանը բանախոսության սկզբում ներկայացրեց համալսարանական իր գործունեությունը՝ նշելով, որ ԵՊՀ-ում է 2003 թվականից: Նա ասաց, որ սիրով է ընդունել հանդիպման առաջարկը, քանի որ այսօր առաջնահերթություն է դարձել խոսել հենքերի մասին, քան քամիների, որոնք անընդհատ գնում և գալիս են:
«Թե՛ քաղաքականության, թե՛ հասարակական զարգացումների, թե՛ պետության զարգացման դեպքում ժամանակը սկսել է արագ ընթանալ, և որքան արագ է այն ընթանում, այնքան գայթակղիչ են դառնում տարաբնույթ քամիները: Իսկ որքան շատ է դրանց հոսքը, այնքան շատ է ճկվելու, ապա նաև կոտրվելու հավանականությունը: Իսկ եթե ամուր լինեն հիմքերը, ապա այդ քամիների էներգիան կարող ես օգտագործել դրանք ամրապնդելու համար»,- ասաց Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով, 600-ամյա ընդմիջումից հետո վերագտած պետականությունն էլ ավելի ամրապնդելու համար այսօր առաջնային է դառնում ընդգծել, թե ինչ հիմքերի վրա է կառուցվում այն և ինչու է անհրաժեշտ. «Պե՞տք է դասագրքերում գրելու և հպարտանալու, որ մենք էլ ունենք պետականություն, թե՞ պետք է ավելի մեծ խնդիրներ լուծելու համար»:
Տարոն Սիմոնյանի վստահեցմամբ, ցանկացած ազգ, երբ ձևավորում է պետականություն, դա ոչ այլ ինչ է, քան սեփական գիտակցությունն ունենալու հնարավորություն. «Պետականություն չունեցող ազգերն էթնոսներ են, որոնք չունեն գիտակցություն: Իրենց փոխարեն որոշումներն ընդունում են այլ ազգերը»:
Նա, խոսելով 1918 թվականին վերականգնած պետականության մասին, ասաց, որ այն թույլ տվեց գիտակցելու, որ հնարավոր է ունենալ պետականություն, հնարավոր է վերագտնել ուժ ու դրսևորել քաղաքական հասունություն: Անդրադառնալով Հայաստանի խորհրդայնացմանը, ապա անկախացմանը և ինքնիշխանության ձեռքբերմանը՝ Տարոն Սիմոնյանն ասաց, որ այսօր տեսնելով, թե ինչ է տվել այդ ինքնիշխանությունը մեզ և մենք դրան, ծագում են բազմաթիվ հարցեր:
«Կան մարդիկ, որոնք ազատական մտածողության կրողներ են և կարծում են, որ Հայաստանը համաշխարհային հասարակության ընտանիքի մի մասն է և պետք է գնա համամարդկային գաղափարների ճանապարհով, որը նախանշված է այսօր աշխարհում: Կան մարդիկ, որոնք գտնում են, որ ազգային գաղափարախոսությունը պետք է զարգանա, և դրա հիման վրա զարգանա ազգին հարմարեցված պետականությունը: Եվ կան այս երկու գաղափարներն ընդունող մարդիկ, որոնք գտնում են, որ կախված ժամանակահատվածի առանձնահատկությունից՝ կարելի է նախապատվությունը տալ թե՛ մեկ, թե՛ մյուս ճանապարհին»,- ասաց Տարոն Սիմոնյանը և փաստեց, որ մարդկանց այս երեք խմբերն էլ համակարծիք են, որ մենք պետք է ունենանք ողնաշարային հենք:
Բանախոսի կարծիքով, խնդիրը, որին բախվում են բոլորը, այն հարցն է, թե արդյոք կա ընդհանուր կոնսեսուս այդ ողնաշարային հենքի, հենակետերի վերաբերյալ. «Եթե անգամ չունենք, ապա արդյո՞ք ժամանակը չէ այն ունենալ գոնե հիմա: Եթե մենք այն ստեղծած լինեինք 30 տարի առաջ, այսօր այս հարցն արդիական չէր լինի: Այսօր էլ շատերն այս հարցն առաջնահերթ չեն համարում, բայց եթե մենք չամրացնենք մեր հիմքերն այսօր, հետագայում չենք կարողանա դիմակայել ընթացիկ խնդիրներին»:
Տարոն Սիմոնյանի համոզմամբ, հենքերը միայն պետականության կամ ազգային գաղափարախոսության հետ չեն կապված, այլև հայ մարդու և անհատի մտածողության, արժեքների հետ. «Իրական պետականություն ստեղծելու համար այն նախևառաջ պետք է ստեղծել մարդու ուղեղում, հետո ակնկալել այն իրականության մեջ»:
Ըստ բանախոսի՝ մարդ-անհատի ձևավորման հիման վրա պետք է կառուցել պետականության ընկալումը և ազգային առաքելության հորիզոնը: Տարոն Սիմոնյանի խոսքով, մարդ-անհատի ձևավորման արժեբանական հենքերը կարող են լինել վեհությունը, ազնվությունը, որին զուգահեռ է ողջախոհությանը, բարությունը և նվիրումը:
«Եթե այս արժեքներով անհատներ կերտենք, նրանք առաջիկայում կդառնան հենարան ամբողջ հասարակության ու պետականության համար»,- ասաց Տարոն Սիմոնյանը և փաստեց, որ եթե հազար տարի ունենանք հզոր պետություն, հետո ինքնըստինքյան առաջ կգնանք, բայց այդ ընթացքում պետք է գերլարված աշխատանք իրականացնել:
Քնար Միսակյան