- Main
- Node
- ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՈՒ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
April 15, 2021 | 11:32
Գիտություն
ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ՈՒ ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր կազմակերպվել էր 2019-2020 ուստարվա ասպիրանտների ու հայցորդների տարեկան գիտաժողով, որտեղ ապագա իրավաբանները ներկայացնում էին իրենց ատենախոսության թեմային վերաբերող զեկուցումները:
Արդեն 20 տարի է, ինչ ֆակուլտետի ղեկավարությունն ավանդական դարձած գիտաժողովներ է կազմակերպում երիտասարդների համար՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով զեկուցումների և հարցուպատասխանների միջոցով հմտացնելու հրապարակային խոսքն ու ներկայանալի լինելու կարողությունները:
«Սովորաբար գիտաժողովները կազմակերպվում են դեկտեմբերին՝ նախորդելով պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովներին, արդյունքում հրապարակվում են երկու գիտաժողովներում ընդգրկված զեկուցումները: Այս տարի հայտնի պատճառներով ժամկետների փոփոխություն եղավ, բայց դրանից ոչինչ չտուժեց»,- նշեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և հավելեց, որ գիտաժողովների նպատակն է ուսանողներին պատրաստել իրենց ատենախոսության ապագա պաշտպանությանը:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ֆակուլտետի բոլոր ամբիոնների 30-35 ասպիրանտներն ու հայցորդները:
«Քննարկվում էր գիտաժողովն առցանց կազմակերպելու հարցը, սակայն այս մեծ դահլիճում մենք կարողանում ենք պահպանել բոլոր անհրաժեշտ պահանջները: Ուղղակի հանդիպումներն ու շփումները, անկասկած, ավելի արդյունավետ են»,- հավելեց ֆակուլտետի դեկանը:
Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Ռուբինա Պետրոսյանի զեկուցումը վերաբերում է խնամակալության և խնամատարության ներքո գտնվող, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային իրավունքի իրացման հիմնահարցին:
«Թեման այսօր բավականին արդիական է, քանի որ խոցելի խմբում գտնվող, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ունեն իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնցից ավելի առաջնային է բնակարանային իրավունքի ապահովման հարցը: Հարկ է նշել, որ թե՛ օրենսդրական և թե՛ գործնական դաշտում որոշակի փոփոխությունների ամրագրման կարիք կա, որոնց էլ անդրադարձել եմ իմ զեկուցման մեջ»,- ասաց Ռուբինա Պետրոսյանը և հավելեց, որ ֆակուլտետի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում նմանատիպ գիտաժողովների կազմակերպմանը և բարձր մակարդակով դրանց իրականացմանը:
Վարդուհի Զաքարյան