- Main
- Node
- ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ
April 15, 2021 | 19:38
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն այսօր շնորհակալագրեր է հանձնել պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերած մասնակիցներին:
Հարկ է նշել, որ Կիրառական հոգեբանության կենտրոնն իր ողջ անձնակազմով՝ ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանի ղեկավարությամբ, հետպատերազմյան շրջանում իրականացրել է հոգեբանական աջակցություն Արցախյան երկրորդ պատերազմում տուժած ընտանիքներին:
Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրից կենտրոնը նախաձեռնել է Արցախից Հայաստան եկած ընտանիքներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու գործընթաց:
«Կենտրոնի նախաձեռնությունը ստեղծված ճգնաժամային պայմաններում հրատապ արձագանք էր,- ասաց Դավիթ Գևորգյանը,- այդ իրավիճակի արդյունքում կենտրոնի ողջ անձնակազմը ներգրավվեց մեր հայրենակիցներին օգնելու գործում»:
Պարոն Գևորգյանի խոսքով, աշխատանքի մասշտաբն այնքան մեծ է եղել, որ կենտրոնը ստիպված է եղել շարքերը համալրել նոր կամավորականներով:
«Ի ուրախություն մեզ՝ պետք է նշեմ, որ բավականին շատ մասնագետներ արձագանքեցին, և մոտավորապես 60-ից ավելի մարդ միացավ մեր նախաձեռնությանը»,- փաստեց Դավիթ Գևորգյանը:
Նրա հավաստմամբ, մասնագետները սոցիալ-հոգեբանական առաջին օգնություն են ցույց տվել Արցախից եկած ընտանիքներին, որոնք այդ ժամանակ գտնվում էին հյուրատներում:
«Մասնագիտական որոշ խմբեր էլ աշխատել են հոսպիտալներում և հիվանդանոցներում՝ վիրավոր զինծառայողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- հավելեց Դավիթ Գևորգյանը:
Անդրադառնալով կամավորներին՝ վերջինս նշեց, որ նրանց ճնշող մեծամասնությունը կենտրոնի սաներն են եղել, որոնք վերապատրաստվել են կենտրոնում, եղել են նաև մասնագետներ դրսից. «Այս ընթացքում կենտրոնի համակարգմամբ տեղի են ունեցել բազմակողմանի և բազմաբովանդակ միջոցառումներ, որոնք շարունակվել են նաև պատերազմի ավարտից հետո»:
Խոսելով նախաձեռնության շարունակականության և ապագա ծրագրերի մասին՝ Դավիթ Գևորգյանը տեղեկացրեց, որ այս պահին նախատեսվում է իրականացնել 6-ամսյա ծրագիր զինծառայողների հետ, որի շրջանակում զինծառայողների և պատերազմից տուժածների սոցիալ-հոգեբանական վերականգնման կենտրոն կբացվի:
Շնորհակալագրերի հանձնման ընթացքում ելույթ ունեցան նաև նախաձեռնության մասնակիցները՝ պատմելով իրենց ձեռք բերած փորձի ու տպավորությունների մասին:
Անի Պողոսյան