- Main
- Node
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ». ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
April 26, 2021 | 16:04
Հասարակություն
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ». ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում այսօր մեկնարկել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված «Հայաստանն այսօր և վաղը» խորագրով բանախոսությունների շարքը, որի առաջին օրը «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանը:
Ապրիլի 26-ից 30-ն իրականացվող «Հայաստանն այսօր և վաղը» խորագրով բանախոսությունների շարքի նպատակն է նոր գիտելիք հաղորդել մասնակիցներին, ինչպես նաև հնարավորություն տալ նրանց ծանոթանալու մասնագետների վերլուծություններին ու մեկնաբանություններին, անձամբ հարցեր ուղղելու նրանց:
Մեզ հետ զրույցում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արման Գրիգորյանն ասաց, որ վերջին շրջանում տարբեր հարթակներից հաճախ հնչում են պետության ներկայիս վատ դրության ու ապագայի մռայլ կանխատեսումների վերաբերյալ թեզեր. «Զավեշտ կարելի է համարել, երբ անգամ կասկածի տակ է դրվում հազարամյա պատմություն ունեցող ազգի ապագա ունենալու հարցը»:
Նրա խոսքով, շատ է հնչում հարցը, թե Հայաստանն ունի՞ ապագա, թե՞ ոչ. ««Հայաստանն այսօր և վաղը» խորագրով դասընթացաշարը նպատակ ունի ցույց տալու, որ մեր երկիրն այժմ որքան էլ վատ ներկա ունենա, ունի ապագա, և այդ ապագան կախված է մեզնից յուրաքանչյուրից»:
Արման Գրիգորյանը նշեց, որ բանախոսությունների թեմաներն ընտրվել են՝ ըստ պետության կառավարման հիմնական առաջնահերթությունների, որոնք ներկայացնելու են ոլորտի առաջատար մասնագետները:
Այսօր տեղի ունեցած բանախոսության ժամանակ Միքայել Մալխասյանը խոսեց ժողովրդագրական գործընթացների` ծնելիության, մահացության ու միգրացիայի մասին։ Նա անդրադարձավ 2020 թ. ցուցանիշներին, ապա ներկայացրեց, թե պատմականորեն ինչը կարող էր բերել այդ իրավիճակին, թե ինչ միտումներ կան ապագայում:
Տեղեկացնենք, որ «Հայաստանն այսօր և վաղը» խորագրով բանախոսությունների շարքի շրջանակում քննարկվելու են նաև «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները. ԵԱՏՄ ստեղծման առաջին հնգամյակը. նոր հնարավորություններ Հայաստանի համար», «Հայաստանը և թուրքական տանդեմը», «Ապատեղեկատվությունը մամուլում», «ՀՀ տնտեսական քաղաքականության մարտահրավերները և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտությունը հետպատերազմյան Հայաստանում» և «Հայ առաքելական եկեղեցին» թեմաները:
Քնար Միսակյան