- Main
- Node
- ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԴԱԼԸ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻՆ
April 30, 2021 | 14:02
Հասարակություն
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԴԱԼԸ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին ս.թ. ապրիլի 29-ին Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում հանձնվել է ՌԴ Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի մեդալը:
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի և ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի մասնագետները համագործակցում են Ղրիմի դաշնային համալսարանի գործընկերների հետ՝ մասնավորապես հայատառ ղփչաղերեն ձեռագրերի պատմաբանասիրական համալիր ուսումնասիրության ոլորտում: Գիտական շրջանառության մեջ է դրվել երևանյան Մատենադարանում պահվող՝ 17-րդ դարի գրիչ Ավետիքի հայատառ ղփչաղերեն ձեռագիրը, որը եզակի տեղեկատվություն է պարունակում թյուրքական լեզուների պատմության ուսումնասիրության տեսանկյունից:
Պրոֆեսոր Ալ. Սաֆարյանը և դոցենտ Լուսինե Սահակյանը տարբեր երկրներում հրատարակել են գիտական ու գիտահանրամատչելի հոդվածներ և ներկայացրել զեկուցումներ գիտաժողովներում: Տարեվերջին ԵՊՀ-ում կկազմակերպվի միջազգային հեռավար գիտաժողով՝ նվիրված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի հիմնահարցերին՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Թուրքմենստանի, Լեհաստանի, Իսրայելի և այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: