- Main
- Node
- ԱՎԱՐՏՎԵՑ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2021» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ. ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԷՐ ԻՐ ՏԱՂԱՎԱՐՈՎ
April 30, 2021 | 15:43
ԱՎԱՐՏՎԵՑ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2021» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ. ԵՊՀ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԷՐ ԻՐ ՏԱՂԱՎԱՐՈՎ
«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում այսօր ընթանում էր «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսի երրորդ օրը, որտեղ, ինչպես արդեն նշվել է, առանձին տաղավարով ներկայանում էր ԵՊՀ-ն:
Ցուցահանդեսի վերջին օրը ԵՊՀ տաղավարում ներկայացվեց Պատմության, Հայ բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեությունը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողուհի Սյունե Ստեփանյանը ներկայացրեց Պատմության ֆակուլտետը. «Մեր ֆակուլտետի ապագա ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն որակյալ բարձրագույն կրթություն ստանալու, այլ նաև իրենց ուսումն արտասահմանում շարունակելու և անգամ այնտեղի թանգարաններում աշխատելու»:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի տաղավարում ուսանողները նույնպես ներկայացնում էին ֆակուլտետի առաջարկած ուսումնական ծրագրերը, ինչպես նաև աշակերտներին պատմում էին մարդկային հոգեբանության ուսումնասիրության կարևորությունը:
Ցուցահանդեսին մասնակից ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողներն այցելուներին իրազեկում էին օտար լեզուների ակադեմիական ուսումնասիրության կարևորության և ուսումը դրսում շարունակելու հնարավորությունների մասին:
Հիշեցնենք նաև, որ ԵՊՀ-ն երեք օրերի ընթացքում մշտական ցուցադրությամբ տրամադրել է բուհի մասին ընդհանուր և դիմորդներին անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ցուցադրվել է աշխարհի հնագույն՝ 5000-ամյա կաշվե կոշիկի կրկնօրինակը (ԵՊՀ պատմության թանգարան):
Մեզ հետ զրույցում Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը նշեց, որ շատ է կարևորում նմանօրինակ ցուցահանդեսները, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում աշակերտներին և ուսանողներին կողմնորոշվելու մասնագիտական ընտրության ու կրթական ծրագրերի ընտրության հարցերում:
Ցուցահանդեսի Կոնֆերանս սրահում ցուցադրվեցին նաև տեսանյութեր, որոնք պատմում էին ԵՊՀ-ի միջազգային գործունեության և համագործակցությունների մասին: