- Main
- Node
- «MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
May 04, 2021 | 15:55
Հասարակություն
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից պարբերաբար իրականացվող նմանաբնույթ միջոցառումների նպատակն ուսանողների տեսական գիտելիքները հարստացնելը, ոլորտի լավագույն մասնագետների փորձին ծանոթացնելն է:
Դասընթացին մասնակցում էին ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ և շրջանավարտներ:
Բանախոսը ներկայացրեց ոլորտում իր անցած ուղին և խոսեց ժամանակակից մարքեթինգի բաղադրիչների մասին:
Ժամանակակից մարքեթինգի կարևորագույն խնդիրը, ըստ նրա, այնպիսի միջավայր և գործիքակազմ ստեղծելն է, որոնք կազդեն հաճախորդների կարծիքի վրա:
Այս տեսանկյունից բանախոսն առանձնացրեց մարքեթինգի կարևոր բաղադրիչներից երկուսը՝ հոգեբանությունը և մաթեմատիկան:
Մանրամասն ներկայացնելով երկու բաղադրիչների կարևորությունը՝ Արտյոմ Ղազարյանն անդրադարձավ նաև բիզնես խնդիրներին, որոնց բախվում է ցանկացած մարքեթոլոգ:
«Բիզնեսում մարքեթոլոգի առջև դրվում են խնդիրներ, որոնք պահանջում են առաջնահերթ լուծումներ. դրանք են եկամուտների, հաճախորդների թվերի ավելացումը, նոր ապրանքանիշի ներդրումը, ծախսերի նվազեցումը, կուտակված ապրանքների արագ սպառումը և, իհարկե, մեկ հաճախորդից ստացվող եկամուտի ավելացումը»,- նշեց բանախոսը:
Նշենք, որ դասընթացն անցկացվեց հարց-պատասխանի, անմիջական զրույցի, համեմատությունների և գիտելիքների փոխանակման ձևաչափերով: