- Main
- Node
- ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
May 04, 2021 | 17:26
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ու Արդարադատության նախարարության միջև։
Հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը:
Հուշագրի ստորագրման ընթացքում կողմերն անդրադարձան բուհի և նախարարության միջև ստեղծվող փոխգործակցությանը՝ նոտարական թարգմանչի արտոնագրման տրամադրման գործընթացին, որը հնարավորություն է ընձեռում համապատասխան լեզվական քննություն հանձնելուց հետո ստանալու թարգմանչի արտոնագիր:
Քննության բավարար արդյունքների դեպքում արտոնագիրը տրամադրվում է Արդարադատության նախարարության կողմից, իսկ քննությունների անցկացման գործընթացը վերապահվում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնին:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ կառավարության համար շատ կարևոր է ոլորտում ներգրավված թարգմանիչների որակավորման գործընթացը, որը պետք է իրականացվի բարձր մակարդակով, որպեսզի ապահովվեն մասնագիտական հմտություններն ու կարողությունները:
«Այս տարիների ընթացքում կառավարությունը որոշակի դժվարություններ է ունեցել ճիշտ և որակյալ մասնագետների ընտրության հարցում, ուստի այժմ մեզ համար շատ կարևոր է ընտրել որակավորում ունեցող մասնագետների»,- ասաց նախարարի տեղակալը:
Նա շեշտեց նաև, որ նմանատիպ համագործակցության բացակայությունը Մայր բուհի հետ չօգտագործված ռեսուրս է համարում։
Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ռուզաննա Ղազարյանին ցուցաբերած նախաձեռնության համար. «Այս նախաձեռնությունը տեղի է ունենում մի այնպիսի ճիշտ ժամանակահատվածում, երբ մենք ինքներս էլ փորձում էինք ելքեր գտնել և ավելի լավ մեխանիզմներ մշակել մասնագետների որակավորման գործընթացում»:
Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց թիմին, հատկապես ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանին, որն ակտիվ մասնակցություն է ունեցել հուշագրի կայացման գործում:
ԵՊՀ դեկան Գևորգ Բարսեղյանն էլ ընդգծեց, որ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետն ամեն ինչ անելու է նախաձեռնությունը հավուր պատշաճի իրականացնելու համար:
«Ինչպես ամբիոնը, այնպես էլ ֆակուլտետը կօգտագործեն իրենց վիթխարի ներուժը գործընթացը որակով և թափանցիկ կազմակերպելու համար»,- վստահեցրեց նա:
Պարոն Բարսեղյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի նախարարության և Մայր բուհի միջև արդյունավետ համագործակցությունը շարունակական բնույթ կրի:
Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը ևս, ողջունելով նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց Արդարադատության նախարարության աշխատակիցներին՝ ի դեմս Քրիստիննե Գրիգորյանի: