- Main
- Node
- «ՍՈՒՏԸ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՈՒՆՆԵՐԸ». ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
May 06, 2021 | 12:47
«ՍՈՒՏԸ ԲԱՐԴԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՈՒՆՆԵՐԸ». ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների, ինչպես նաև PR ոլորտի առաջատար մասնագետների համար «Սուտը հաղորդակցության մեջ» խորագրով առցանց դասախոսություն վարեց գերմանացի հաղորդակցության հայտնի մասնագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter) Վազրիկ Բազիլը։
Առավել քան արդիական այս թեմայի մասին դասախոսություն կազմակերպելու կապակցությամբ Վազրիկ Բազիլը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանին՝ նմանօրինակ առիթ կրկին ընձեռելու համար:
Տիկին Ավետիսյանը նշեց, որ այսօրվա դասախոսության ընտրված թեման արդիական է հայկական ներկայիս քաղաքական իրականության մեջ:
«Սուտը հաղորդակցության մեջ» թեմայով առցանց դասախոսության սկզբում Վազրիկ Բազիլը նշեց, որ սուտն այսօր խնդիրներ է առաջանում ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում. «Սուտն արդիական հարց է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամենուր, երբեմն դրական հեղինակություն ունեցող հաղորդամիջոցները նույնպես նպաստում են սուտի տարածմանը, այդ պատճառով սուտն արագ հասկանալը գնալով ավելի է դժվարանում»,-փաստեց Վազրիկ Բազիլ:
Բանախոսը տարբերակեց ստի երկու տեսակ՝ անհատական և հավաքական:
Անհատական սուտը բնորոշ է անձերին, իսկ հավաքականը՝ քաղաքականությանը, ձեռնարկություններին: Խոսքն արդեն բոլորին հայտնի «fake news»-երի մասին է:
Դասախոսության ընթացքում Վազրիկ Բազիլն անդրադարձավ հետևյալ հարցերին՝ ի՞նչ սուտը, ստի տեսակները, ինչո՞ւ են մարդիկ ստում, ինչպե՞ս հակադարձել սուտ մեղադրանքին և որոնք են ստի վնասները. «Սուտը մեկը մյուսին միտումնավոր խաբելն է, և այստեղ բանալի բառը միտումնավորն է»:
Նրա խոսքով, սուտը կարող է դրսևորվել ոչ միայն խոսքային, այլև պատկերային տարբերակով: Այս երևույթի հայտնի օրինակն է Լենինի և Տրոցկու նկարը, որտեղ մարդիկ փորձեցին Տրոցկուն ջնջել, երբ վերջինս կորցրեց իր քաղաքական հեղինակությունը:
Բանախոսն առանձնացրեց ստի երեք տեսակ՝ դատապարտելի, կազդուրիչ, թույլատրելի. «Դատապարտելի սուտը մեզ հայտնի է նաև դեռևս աստվածաշնչյան 10 պատվիրաններից, այն դատապարտելի է և այստեղ ոչ մեկ առարկություններ չունի»:
Ներկայացնելով ստի վերահսկման Գերմանիայի օրինակը՝ Վազրի Բազիլը դասախոսության մասնակիցներին պատմեց այնտեղ գործող բարոյահսկման մարմինների աշխատանքի մասին, որոնց թիվ մեկ առաջադրանքը տարածված լուրի իսկությունը ստուգելն ու սուտը տարածելու համար հեղինակին պախարակելն է:
Հյուրն անդրադարձավ նաև կազդուրիչ ստի օրինակներին՝ նշելով, որ այն օգտագործվում է քաղաքավարության, մեծարանքի չափազանցությունների դեպքերում:
Պարզաբանելով դասախոսության գլխավոր հարցը՝ ինչո՞ւ են մարդիկ ստում, բանախոսը նշեց, որը այս հարցի պատասխանը դժվար չէ. ստում են, որովհետև օգուտ են ակնկալում:
Ստերի քողազերծման մեխանիզմներին օրինակ բերելով՝ բանախոսը մանրամասնեց մարմնի լեզուն. «Ստի դեպքում մարմնի շնչառությունը փոխվում է, մարդը քրտնում է, հետաքրքրական է այն, որ սուտասանը հեռավորություն է պահում, աչքերի մեջ աշխատում է չնայել, մինիմալի է հասցնում ձեռքի շարժումները»:
Վազրիկ Բազիլը ներկայացրեց սուտ մեղադրանքների հակազդման մի քանի մեխանիզմներ, որոնցից են իրավական ուղիները, ստին հակազդելը:
Դասախոսության վերջում պարոն Բազիլը նշեց, որ ստի ամենամեծ վտանգը հեղինակության, վարկանիշի կորուստն է. «Սուտը բարդացնում է հարաբերութունները, որովհետև այն, ինչ ասվում է այլևս վստահություն չի ներշնչում, պետք կրկին անգամ ստուգել ասվածի իսկությունը»:
Առցանց հանդիպման վերջում տեղի ունեցավ հարց ու պատասխան: