- Main
- Node
- ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՈՒԻՑԻԴԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԿՕՐՅԱ ԹՐԵՅՆԻՆԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
May 06, 2021 | 15:10
Հասարակություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՍՈՒԻՑԻԴԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԿՕՐՅԱ ԹՐԵՅՆԻՆԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը «Meaningful world» ծրագրի նախագահ ու հիմնադիր Անի Գալայճեանի հետ իրականացնում է թրեյնինգային ծրագիր «Սուիցիդի կանխարգելման առաջին օգնության հմտությունների ուսուցում» խորագրով:
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Սուիցիդի կանխարգելման առաջին օգնության հմտությունների ուսուցում» խորագրով երկօրյա թրեյնինգային ծրագիր, որի ընթացքում դասախոսելու են ամբիոնի վարիչ, հ․գ․դ․, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը և Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, «Meaningful world» ծրագրի նախագահ ու հիմնադիր Անի Գալայճեանը։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն ասաց, որ այսօրվա միջոցառման ընթացքում ներկաները հմտություններ ձեռք կբերեն, որոնց միջոցով կօգնեն մարդկանց հաղթահարել բացասական հոգեվիճակներն ու մասնավորապես կանխարգելել սուիցիդը. «Այս դասընթացի մասնակիցները սովորելու են, թե ինչպես աշխատել հանրության հետ այս լարված իրավիճակից, ճգնաժամից հետո»:
Հ․ Ավանեսյանը նշեց, որ մեկնարկած ծրագիրը հոգեբանների համար լրացուցիչ գիտելիք է․«Այսօր պատերազմի դժվարությունները հաղթահարելու համար բազմաթիվ հոգեբանական ծառայություններ են նախատեսված, այդ թվում նաև պետական երկու խոշոր ծրագիր, իսկ դասընթացն անցած մասնակիցները կարող են կամավորագրվել կամ աշխատել այդ ծրագրերում»։
«Սուիցիդի կանխարգելման առաջին օգնության հմտությունների ուսուցում» թրեյնինգային ծրագրի բանախոս Անի Գալայճեանն նշեց, որ այսօրվա միջոցառումը նվիրված է զգացական իմաստությանն ու դրա կառավարմանը։ Նա ասաց, որ դասընթացի նպատակներ է պատրաստել հոգեբաններ, որոնք կկարողանան օգնություն տրամադրել հուզական դժվարություններ ունեցող անձանց, օգնել նրանց տագնապի ժամանակ, հոգեբանական օժանդակություն ցույց տալ զինվորական ընտանիքններին։
«Կարևոր է, որ մենք այս դրաման թոթափենք մեր սրտից, մարմնից և հոգուց, որովհետև հակառակ դեպքում այն կվերածվի ֆիզիկականի՝ առաջացնելով հիվանդություններ՝ անվստահություն, նախանձ, ատելություն, սուր լարվածություն, ոչ միայն անհատների օրգանիզմում, այլև ողջ ազգի մեջ»,- նշեց բանախոսը։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց հյուրին ներկայության համար և հիշեցրեց արդեն իսկ ունեցած համատեղ միջոցառումների մասին։
«Ունենալու ենք երկու օրվա ուսուցողական վարժանքներ, որոնց նպատակը բոլորիս հոգեկան առողջությունն է, բարդ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելն ու ցանկացողներին մասնագիտական աջակցություն ցույց տալը»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է նայել առաջ, զբաղվել հոգեկան առողջության պահպանմամբ և աջակցել դրա կարիքն ունեցողներին։
Անի Գալայճեանն էլ նշեց, որ հոգեկան առողջությունը շատ կարևոր է։
Մինչ դասախոսությունը սկսելը նա ցույց տվեց մի քանի վարժություն լիցքաթափվելու համար։ Այնուհետև մեկնարկեց երկօրյա «Սուիցիդի կանխարգելման առաջին օգնության հմտությունների ուսուցում» խորագրով երկօրյա թրեյնինգային ծրագիրը, որին մասնակցում են թե՛ դասախոսներ, թե՛ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի մագիստրանտներ ու ասպիրանտներ։
Մարինա Առաքելյան