- Main
- Node
- ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
May 07, 2021 | 14:13
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասիրյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ամբիոնի վարիչներ Մուշեղ Հովսեփյանն ու Դավիթ Պետրոսյանը:
«Հանրային Ռադիոն, որը շուրջ մեկ դար գործում է, բոլոր ժամանակներում էլ մեծ դերակատարում է ունեցել հայկական արժեքների պաշտպանության, պահպանման ու տարածման գործում: Խորհրդանշական է, որ փոխգործակցության հուշագիր ստորագրվում է հենց այսօր՝ մայիսի 7-ին՝ Ռադիոյի միջազգային օրը: Շնորհավորում եմ ձեզ և անխափան եթեր մաղթում»,- ասաց Գեղամ Գևորգյանը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ հուշագիրը լայն հնարավորություններ է բացում ֆակուլտետի համար, քանի որ փոխգործակցության շրջանակում ուսանողները մասնագիտական աջակցություն կստանան, կներգրավվեն ռադիոյի աշխատանքներին, պատշաճ կկազմակերպվի նաև ուսումնաարտադրական պրակտիկան:
«Նախատեսվում է Հանրային ռադիոյի մասնագետների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների, երիտասարդ հետազոտողների ու գիտնականների, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավմամբ իրականացնել համատեղ ֆորումներ, գիտաժողովներ, սեմինարներ, վեբինարներ և վարպետության դասեր»,- նշեց Նաղաշ Մարտիրոսյանը և հավելեց, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետն աշնանը հայ և միջազգային մեդիափորձագետներ մասնակցությամբ նախատեսում է Հայաստանի հանրային ռադիոյի հիմնադրման 95 և Հանրային հեռուստատեսության հիմնադրման 65-ամյակներին նվիրված գիտաժողով կազմակերպել:
Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար և ընդգծեց, որ համագործակցությունը շարունակական է լինելու:
Վարդուհի Զաքարյան