- Main
- Node
- «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
May 10, 2021 | 15:09
«ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների ու «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» ծրագրի մասնակիցների համար կազմակերպել էր շրջայց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ում:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներքին հաղորդակցման մասնագետ, զբոսավար Անի Զաքինյանն այցելուներին ներկայացրեց «Կոկա-Կոլա» բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագները, տեղեկացրեց ընկերության գործունեության մասին:
Ընկերության մասնագետն ուսանողներին պատմեց Կոկա-Կոլայի ստեղծման մասին՝ ներկայացնելով գլխացավի դեղի ստեղծման պատմությունը, որը հետագայում ամենահայտնի ու շատ սպառվող ըմպելիքը պետք է դառնար աշխարհում:
«1899 թվականին Կոկա-Կոլան արդեն սպառվում էր ԱՄՆ բոլոր նահանգներում, սակայն այն ձեռք բերել հնարավոր էր միայն դեղատնից։ Այդ ժամանակ Ազա Կանդլերը Կոկա-Կոլայի շշի նկատմամբ իրավունքները 1 դոլարի դիմաց վաճառեց Բենջամին Ֆ. Թոմասին և Ջոզեֆ Բ. Վայթհեդին Թենեսիի Չաթանուգա քաղաքից, ինչից հետո ըմպելիքը սկսեցին շշալցնել ու վաճառել»,- ասաց զբոսավարը:
Անդրադարձ եղավ նաև ըմպելիքի կրկնօրինակման դեպքերին, դրանց դեմ պայքարելու միջոցներին ու շշի դիզայնի նպատակային փոփոխություններին։
Ուսանողները ծանոթացան ըմպելիքի բաղադրությանն ու իմացան, որ գաղտնի բաղադրատոմսն առաջին հերթին ընկերության աշխատակիցներն են, ապա՝ բաղադրանյութերի չափաքանակն ու ավելացնելու հերթականությունը։
Շրջայցի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու ըմպելիքի արտադրական գործընթացը՝ ծանոթանալով արտադրության ընթացքում կիրառվող նորարար տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, ռազմավարությանը, տեսան շշալցման հոսքագծերը և, իհարկե, տեղում փորձեցին ըմպելիքը։
Անի Զաքինյանը պատմեց ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մասին, որոնք երեք ուղղությամբ են իրագործվում՝ համայնքների բարեկեցություն, երիտասարդության զարգացում և «Աշխարհն առանց թափոնների» նախաձեռնությունը, որի շրջանակում կատարվում են շշի վերամշակման աշխատանքներ:
Հանդիպման ընթացքում ուսանողներն ըմպելիքի մասին իրենց հուզող հարցերն ուղղեցին զբոսավարին:
Շրջայցի վերջում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ ուսանողների միջև։
Անի Պողոսյան