- Main
- Node
- ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ. ԴԵՍՊԱՆ ԲՈԼԱՏ ԻՄԱՆԲԱԵՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
May 11, 2021 | 15:23
Հասարակություն
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ ԵՆ. ԴԵՍՊԱՆ ԲՈԼԱՏ ԻՄԱՆԲԱԵՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:
Բոլատ Իմանբաևը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և փաստեց, որ Հայաստանի հետ համագործակցությունը շատ սերտ է և դինամիկ. «Երկու երկրների միջև առկա փոխգործակցությունը բավականին ընդգրկուն է՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ և այլն: Ուրախ եմ, որ կրթագիտական ոլորտի ծանոթություններս սկսվում են Հայաստանի Մայր բուհից՝ ԵՊՀ-ից, որը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում միջազգային գիտակրթական ու մշակութային հարթակներում»:
Գեղամ Գևորգյանը դեսպանին ներկայացրեց ԵՊՀ համառոտ պատմությունը, հայ-ղազախական համագործակցության վերջին տարիների արդյունքները և հույս հայտնեց, որ բարեկամ երկրների և մասնավորապես կրթական հաստատությունների միջև կապն էլ ավելի կամրապնդվի:
Դեսպանը պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհակալագիրը, որը Ղազախստանում պետական պարգև է համարվում: Շնորհակալագրում արձանագրված է. «Ղազախ մեծ բանաստեղծ Աբայ Կունանբաևի 175-ամյակի կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ մեր երկրի հոգևոր նվաճումների պրոպագանդման և մշակութային կապերի ամրապնդման գործում բացառիկ ավանդի համար ու մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ»:
Ալեքսանդր Սաֆարյանը խորին շնորհակալություն հայտնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, իր ղազախ գործընկերներին և դեսպանին՝ հայ-ղազախական բարեկամական դարավոր կապերի ամրապնդմանն ուղղված հայ թյուքագետների աշխատանքը բարձր գնահատելու համար:
Կողմերը փոխանակվեցին հուշանվերներով, այնուհետև Ալեքսանդր Սաֆարյանը դեսպանին ուղեկցեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում գործող՝ Աբայի անվան ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոն:
Վարդուհի Զաքարյան