- Main
- Node
- ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
May 13, 2021 | 14:11
Կրթություն
ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ուսանողների համար դասախոսություն է կարդացել իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
«Մեդիա իրավունքի արդի հիմնահարցեր» խորագրով սեմինար-քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարբեր բուհերի՝ իրավագիտություն և ժուռնալիստիկա ուսումնասիրող ուսանողները:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գևորգ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց Արփինե Հովհաննիսյանին իրենց արագ արձագանքելու և ուսանողների հետ հանդիպման առաջարկը չմերժելու համար:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ մեդիա իրավունքն այսօր ընկալվում է որպես իրավունքի ինքնուրույն ճյուղ և դասավանդվում է որպես առանձին առարկա, քանի որ դաշտը բավականին լայն ու ընդգրկուն է:
«Մեդիա ոլորտի առաջնային և լրջագույն հարցերից է «ֆեյք նյուզ»-ը, որի շուրջ աշխարհում անդադար քննարկումներ են կազմակերպվում լրատվական ու սոցիալական ցանցերի տերերի հետ: Բոլոր երկրներում, անխտիր բոլոր հասարակություններում յուրաքանչյուր գործընթացներում՝ պատերազմից մինչև քարոզարշավ, «ֆեյք նյուզ»-ի գործոնն առկա է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը և հավելեց, որ «ֆեյք նյուզ»-ը խախտում է քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքը:
Արփինե Հովհաննիսյանը խոսեց նաև «ֆեյք նյուզ»-երի միջազգային փորձի մասին՝ ներկայացնելով երևույթի դեմ տարբեր երկրներում կիրառվող պայքարի միջոցները. «Աշխարհի տարբեր երկրներ տարբեր միջոցներով են պայքարում «ֆեյք նյուզ»-երի դեմ՝ տուգանք, իրավական կարգավորումներ, սոցիալական կայքերի հետ համագործակցություն, սակայն «ֆեյք նյուզ»-ը շարունակում է գլխացավանք մնալ բոլորի համար: Եվ դրան զուգահեռ առաջ է գալիս նաև «քլիք բայթ» երևույթը, երբ «համացանցը ցնցող» վերնագրերի տակ ոչինչ չդնելով՝ հավանումներ են հավաքում»:
Մյուս կարևորը հարցը, որին անդրադարձավ բանախոսը, ԶԼՄ-ներում մարդու անձի և արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հարցն է, որտեղ իրավական կարգավորման շրջանակում մի շարք բացեր կան՝ կապված սոցիալական կայքերի և առցանց լրատվամիջոցների գործունեության հետ:
Իրավագետն ընդգծեց, որ բոլոր խնդիրների հիմնական պատճառը մեդիագրագիտության բացակայությունն է, որը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում:
Մեդիա իրավունքի արդի հիմնահարցերին նվիրված սեմինարի ընթացքում քննարկվեցին մեդիայի և մտավոր սեփականության իրավական պաշտպանության հիմնախնդիրների, մեդիայի իրավական կարգավորման առանձնահատկությունների, անմեղության կանխավարկածի, դոմեյնների իրավական կարգավորման ու ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Վարդուհի Զաքարյան