- Main
- Node
- ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ Է ԵՊՀ 2021-2026 ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
May 13, 2021 | 16:13
Հասարակություն
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ Է ԵՊՀ 2021-2026 ԹԹ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային երկու և ընթացիկ մի շարք հարցերով:
Նիստի օրակարգային առաջին հարցով մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ հանձնաժողովը ստացել և քննել է դոցենտի 5 հայց, որոնց բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին:
Դոցենտի գիտական կոչման հայցերը հաստատելու համար հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն, և կազմվեց հաշվիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ Արսեն Բաբաջանյանը և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈԻԽ նախագահ Նարեկ Մարգարյանը:
Անցնելով նիստի օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը գիտխորհրդի անդամների երաշխավորությանը ներկայացրեց ԵՊՀ 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, որը հետագայում պետք է հաստատվի Հոգաբարձուների խորհրդի կողմից:
ԵՊՀ 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներն իրականացվել են գրեթե չորս ամիս: Աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է գլխադասային հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են եղել ռեկտորը, պրոռեկտորները, 4 դեկան, 2 դասախոս, ինչպես նաև ՈՒԽ և ՈՒԳԸ նախագահները: Բացի դրանից՝ ձևավորվել են 3 ճյուղային հանձնաժողովներ՝ 7-10-ական անդամով:
Կազմված ծրագիրն ուղարկվել է ԵՊՀ գիտխորհրդի անդամներին, որոնք ներկայացրել են իրենց կարծիքներն ու նկատառումները: ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը փաստեց, որ զարգացման ռազմավարական ծրագրի մշակման համար կազմակերպվել են բազմաթիվ հետազոտություններ:
«Ուսումնասիրվել են շրջանավարտների հարցումների տվյալները, կատարվել է ուսանողական հարցումների որակական վերլուծություն, իրականացվել ֆոկուս խմբային հարցումներ, անցկացվել է հեռավար ուսուցման վերաբերյալ հարցում և այլն: Ընդհանուր առմամբ, անցկացված հարցումներին մասնակցել է 10.064 անձ»,- փաստեց Էլինա Ասրիյանը:
Իրականացված բոլոր հետազոտությունները, պրոռեկտորի հավաստմամբ, վերլուծվել են ու հիմք են հանդիսացել և՛ հայեցակարգի, և՛ ռազմավարական ծրագրի առանձին կետերի մշակման համար:
Էլինա Ասրիյանի հաղորդումից հետո ԵՊՀ գիտական խորհուրդը երաշխավորեց ԵՊՀ 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը ՀԽ հաստատմանը ներկայացնելու հարցը:
Անցնելով նիստի ընթացիկ հարցերին՝ գիտխորհուրդը որոշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ սահմանել: Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի տեղեկացմամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջարկել է լավագույն ուսանողի համար կրթաթոշակ, որը ֆակուլտետի որոշմամբ, անվանակոչվել է Գևորգ Արշակյանի անվամբ:
Ընթացիկ հաջորդ հարցի շրջանակում գիտխորհուրդը որոշեց ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում «Դեղերի որակի հսկման և մոնիտորինգի» գիտաուսումնական կենտրոն ստեղծելու մասին հարցը ներկայացնել ՀԽ-ի հաստատմանը։
Ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանի խոսքով, կենտրոնը ստեղծվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում, որի արդյունքում ներդրվել է շուրջ 600 հազար ամերիկյան դոլար: Գրեթե ձևավորված լաբորատորիայում առկա է 6 գերժամանակակից սարքավորում:
Այնուհետև ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը գիտխորհրդի անդամներին հաղորդեց ԵՊՀ պարբերականների թվայնացման, միջազգայնացման գործընթացի մասին՝ փաստելով, որ աշխատանքներ են իրականացվում նախևառաջ պարբերականների web-հարթակները «OJS» (Open journal system) համակարգով փոխակերպելու ուղղությամբ:
Ըստ նրա՝ համակարգում գրանցված է ԵՊՀ 19 պարբերական. «Բացի դրանից՝ գրանցվեցինք մեկ այլ համակարգում, որը յուրաքանչյուր հոդվածի համար տրամադրում է «DOI»-ը (Digital object identifier): Այժմ համակարգում տեղադրված մեր ամսագրերի հոդվածներին կցված է իրենց «DOI»-ը, բայց ակտիվացված է միայն այն մասը, որը ստուգված է և շտկումներ չի պահանջում»:
Ռաֆայել Բարխուդարյանը մանրամասն ներկայացրեց նաև պարբերականների միջազգայնացման գործընթացը՝ փաստելով, որ դրա նպատակն է մաս կազմել գիտական միջազգային հանրությանը:
ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը հաջորդիվ ներկայացրեց ԵՊՀ սովորողների պրակտիկայի կազմակերպման գործընթացը՝ փաստելով, որ 2020-21 ուսումնական տարում իրականացվել է 844 ուսումնական, 3450 մասնագիտական և 559 մանկավարժական պրակտիկա:
Ընթացիկ վերջին հարցով ԵՊՀ գիտական խորհուրդը հաստատեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագիրը, որը Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանի փաստմամբ, անցել է ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կարգով հաստատված բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ փորձաքննությունը:
Օրակարգային և ընթացիկ հարցերի սպառումից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովի անդամ Արթուր Սահակյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները՝ փաստելով, որ քվեարկությանը մասնակցել է գիտխորհրդի 66 անդամ և երաշխավորել դոցենտի շնորհման 5 հայցերը:
Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ այսօր ԿԳՄՍ նախարարությունից ստացել է գրություն, որով առաջարկվում է մինչև մայիսի 24-ն առաջադրել ԵՊՀ ՀԽ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանող անդամներին՝ ըստ կառավարության ընդունած որոշմամբ սահմանվող համամասնության:
Գիտխորհրդի անդամների առարկություններին, թե չի կարելի դեմ լինել որոշմանը, բայց մասնակցել այդ ընտրություններին, Գեղամ Գևորգյանն ասաց, որ իր լիազորությունն է տեղեկացնել գիտխորհրդի անդամներին նամակի և հետագա ընթացակարգերի մասին, իսկ թե ինչպես կվարվեն գիտխորհրդի անդամները, արդեն իրենց ընտրությունն է:
Քնար Միսակյան