- Main
- Node
- «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
May 14, 2021 | 15:59
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ ՊՆ «Զինուժ» մեդիա պետական հիմնարկի լրագրողների՝ կապիտան Նաիրա Համբարձումյանի (ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռազմական լրագրության դասախոս) և ավագ լեյտենանտ Դավիթ Դավթյանի հետ՝ «Տեղեկատվական քաղաքականությունը ռազմական ոլորտում» թեմայով:
Հանդիպումը կազմակերպել էր ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը:
Մարտական ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և հյուրերին մասնակցության համար, ապա նշեց, որ շարունակվում է իրենց ակումբի և ՀՀ ՊՆ-ի սերտ համագործակցությունը, որի շրջանակում պարբերաբար տեղի են ունենում և ունենալու դասախոսություններ՝ արդիական թեմաներով:
Կապիտան Նաիրա Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց հրավերի և թեմայի նկատմամբ դրսևորած հետաքրքրության համար:
Նա անչափ կարևորեց ընտրված թեմայի արդիականությունը և հույս հայտնեց, որ ուսանողներն առավել քան ակտիվ կլինեն քննարկման ու հարցուպատասխանի ժամանակ:
Ն. Համբարձումյանն իր ելույթում անդրադարձավ ռազմական գործողությունների պայմաններում հակամարտությունների լուսաբանման խնդիրներին ու մարտահրավերներին՝ ներկայացնելով ոլորտում ունեցած անձնական փորձը. «Ես կուզեի, որ մենք ռազմական լրատվություն ասվածը չընկալեինք որպես դաշտային լրագրություն, ավելի ճիշտ կլինի այս մասնագիտությունը կոչել հակամարտային լրագրություն, որովհետև պատերազմը մեծ հակամարտության միայն մի՝ երևացող մասն է»:
Նրա խոսքով, պատերազմական գործողությունների դադարեցումից հետո պատերազմը չի ավարտվում, այն շարունակվում է այլ բնագավառներում, և վերջին պատերազմի փորձից ելնելով՝ մենք ասվածն ավելի լավ ենք պատկերացնում:
Անդրադառնալով հակամարտության լուսաբանման արդի խնդիրներին՝ Ն. Համբարձումյանը նշեց, որ շատ կցանկանար, որ երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակը լրագրողների ուշադրության կենտրոնում լիներ:
«Այդ առումով մեր անելիքը բավականին շատ է, կարծես մոռացել ենք այն հանգամանքը, որ պատերազմի օրերին Թուրքիան ակտիվ դերակատար էր, մինչդեռ մենք հակամարտությունը լուսաբանելիս այդ մասին չպետք է մոռանանք»,- շեշտեց բանախոսը:
Նրա կարծիքով, երբեք չպետք է մոռանալ, որ այս հակամարտությունն ունի էթնոքաղաքական արմատներ:
Ավագ լեյտենանտ Դավիթ Դավթյանն էլ նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է տարբեր տեսանկյուններից դիտարկել և խորքային ուսումնասիրության ենթարկել:
Վերջինս դատապարտեց այն լրատվամիջոցների քայլերը, որոնք զորքի շարժի մասին հոդվածներ կամ տեսանյութեր են հրապարակում, քանի որ նմանատիպ հրապարակումները մեկնաբանության կարիք պարզապես չունեն. նյութը պետք է միանգամից արգելափակել և սկսել համապատասխան գործընթաց:
Հանդիպման վերջում տեղի ունեցավ հարցուպատասխան, և ուսանողները հյուրերի հետ ակտիվ քննարկում ծավալեցին:
Անի Պողոսյան