- Main
- Node
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊՐԱԿՏԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
May 21, 2021 | 16:47
Կրթություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊՐԱԿՏԻԿ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների համար «Ֆինանսական իրավունք» առարկայի շրջանակում կազմակերպվել էր հանդիպում-դասախոսություն «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Արտակ Մարտիրոսյանի հետ:
Բանախոսն ուսանողներին ապահովագրական իրավունք թեմայի վերաբերյալ պրակտիկ տեղեկություններ փոխանցեց՝ անդրադառնալով ապահովագրական ընկերություններ-ԿԲ փոխհարաբերություններին, կանոնադրական կապիտալի ու ապահովագրական շեմերի ձևավորմանը և այլն:
«Տեսական գիտելիքների շրջանակում ուսանողներին չես կարող ներկայացնել պրակտիկ հարցերի լուծման եղանակները, ուստի այս հանդիպում կարևոր էր նրանով, որ ուսանողները ծանոթացան ապահովագրական գործերի գրանցմանը, գումարների ստացման գործընթացները, ապահովագրության առավել պահանջված տեսակներին ու դրանց գործունեությանն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասում է Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ենգոյանը և հավելում, որ այսօր ուսանողներին ներկայացվեց նոր պիլոտային ծրագրով իրականացվող գյուղատնտեսական ոլորտի ապահովագրությունը, որի մասին դեռ չէր խոսվել ոչ մի դասախոսության ընթացքում:
«Շատ օգտակար հանդիպումներ են մեզ համար: Միանգամայն այլ բան է, երբ տեսական նյութ ես կարդում, մեկ այլ բան, երբ գործող մասնագետը քեզ ներկայացնում է ոլորտի իրական վիճակը, խորհուրդներ տալիս և այլն: Շատ կարևոր է նաև կենդանի շփումը: Ընդհանրապես այս հանդիպումները մեր ֆակուլտետում շարունակական բնույթ են կրում, ինչի համար շնորհակալ ենք պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին»,- նշում է 2-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Մկրտչյանը:
Վարդուհի Զաքարյան