- Main
- Node
- ԴՈԿՏՈՐ ԷԴՎԱՐԴ Ա. ԹԻՐՅԱՔՅԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ. ՀԱՅԱԶԳԻ ՍՈՑԻՈԼՈԳՆ ԻՐ ԳՐՔԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԵՊՀ-ԻՆ
May 24, 2021 | 17:04
Հասարակություն
ԴՈԿՏՈՐ ԷԴՎԱՐԴ Ա. ԹԻՐՅԱՔՅԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ. ՀԱՅԱԶԳԻ ՍՈՑԻՈԼՈԳՆ ԻՐ ԳՐՔԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԵՊՀ-ԻՆ
Հայազգի նշանավոր սոցիոլոգ Էդվարդ Թիրյաքյանն իր անձնական մասնագիտական գրադարանը նվիրաբերել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետին: Պրոֆեսորի շնորհաբերած գրքերը տեղակայվել են Տարածաշրջանային ինտեգրման և կոնֆլիկտների լուծման կենտրոնում, որտեղ ստեղծվել է նրա անվան անկյուն:
Նշանավոր սոցիոլոգ Էդվարդ Թիրյաքյանը ծնվել է 1929 թ. Նյու Յորքում: Թիրյաքյանը մշակել է էքզիստենցիալ ֆենոմենոլոգիայի հայեցակարգը սոցիոլոգիայում, մասնագիտացել է սոցիոլոգիայի տեսության և պատմության, կրոնի, գլոբալացման ու ազգային ինքնության ոլորտներում:
Պրոֆեսորի նվիրաբերած գրադարանը հագեցած է հիմնականում անգլալեզու և ֆրանսալեզու սոցիոլոգիական գրքերով ու հոդվածաշարերով, որոնց շարքում են նրա հեղինակած աշխատատարությունները, սոցիոլոգիայի դասականների տեքստեր և Է. Դյուրկհեյմի «L’Année sociologique» տարեգիրքը:
Գրադարանի Էդվարդ Թիրյաքյանի անվան անկյան բացմանն ասօր ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր և պրոֆեսորի որդին՝ Էդմոն Թիրյաքյանը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանն ասաց, որ պրոֆեսոր Թիրյաքյանի հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2009 թ., երբ ԵՊՀ-ում անցկացվել է համաշխարհային սոցիոլոգիական կոնգրես, որին ներկա են եղել աշխարհի 65 երկրների նշանավոր գիտնականներ, այդ թվում՝ համաշխարհային համբավ ունեցող Էդվարդ Թիրյաքյանը. «Դոկտոր Թիրյաքյանը հայազգի միակ սոցիոլոգն է աշխարհում, որը համարվում է դասական»:
Արթուր Մկրտիչյանը պատմեց, որ պրոֆեսորի մասնագիտական գրքերը ֆակուլտետին նվիրաբերելու գործընթացը վաղուց է սկսվել, և որ դրա իրականացմանը մեծապես աջակցել է Էդվարդ Թիրյաքյանի որդին՝ Էդմոն Թիրյաքյանը:
Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանն էլ փաստեց, որ հենց Էդվարդ Թիրյաքյանի այցից հետո է հիմնվել ամբիոնը. «Մասնագիտացման ինստիտուցիոնալացման գործընթացն այդ շրջանում նպաստեց նաև մեր ներգրավվածությանը տեսական տարբեր ուսումնասիրություններում»:
Հարություն Վերմիշյաննը փաստեց, որ դոկտոր Թիրյաքյանի կողմից տարիների ընթացքում կուտակված այս գրադարանը ոչ միայն արժեքավոր է որպես մասնագիտական ռեսուրս, այլև ընդգծում է պրոֆեսորի անցած ուրույն մասնագիտական ուղին և հետաքրքրությունները. «Ուշագրավ է, որ գրքերում հենց պրոֆեսորի նշումներն են, որն առանձին հետազոտության, ուսումնասիրության նյութ է: Ինձ համար այս գրադարանը նաև յուրահատուկ ճաշակ է: Նայելով գրքերին՝ կարելի է որոշել՝ ինչ կարդալ, ինչ նայել: Թիրյաքյանը մեզ համար կենդանի դասական է ու մեծ հեղինակություն»:
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը հիշատակեց պրոֆեսորի գործընկերներից մեկի միտքը, որը նշել է՝ Թիրյաքյանի ոճն այնքան էլեգանտ է, որքան ամուր և հզոր են նրա փաստարկները. «Մենք գործ ունենք յուրահատուկ մշակույթի հետ, որը հուսով եմ՝ կհարստացնի մեր ուսանողներին: Թիրյաքյանը, չեմ վախենա ասել, աշխարհահռչակ սոցիոլոգ է, ժամանակակից մի շարք տեսությունների հեղինակ»:
Միջոցառման ընթացքում տեսաուղերձի միջոցով ներկաներին ողջունեց ինքը՝ Էդվարդ Թիրյաքյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են իր մասնագիտական գրականությունը ԵՊՀ-ին նվիրաբերելու գործընթացն իրականություն դարձնելու գործում: Տեսաուղերձի ժամանակ պրոֆեսորը վերհիշեց 2009 թ. իր այցելությունը ԵՊՀ և ասաց, որ որոշել է նվիրաբերել իր գրքերը համալսարանին, քանի որ մեծանալուն զուգահեռ՝ իր ծնողների հայրենիքի հետ կապն ավելի ամուր է զգացել:
Պրոֆեսորի որդին՝ Էդմոն Թիրյաքյանը, նույնպես շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել ու օգնել են իրենց: Էդմոն Թիրյաքյանը հիշեց, թե ինչպես է հայրը հայտնել իր որոշման մասին և թե ինչպես են զարմացել՝ իմանալով, թե ինչ մեծ տեղ ու դեր ունի Հայաստանն իրենց հայրիկի համար:
Միջոցառման ընթացքում Էդմոն Թիրյաքյանը և հյուրերը խոսեցին Էդվարդ Թիրյաքյանի կենսագրության ու գործունեության մասին՝ հիշելով ուշագրավ դեպքեր ու հիշարժան փաստեր, ինչպես նաև հույս հայտնեցին, որ գրադարանը մեծապես կօգնի ուսանողներին և հետազոտողներին ավելի արդյունավետ իրականացնելու իրենց գործունեությունը:
Քնար Միսակյան