- Main
- Node
- ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
May 27, 2021 | 16:13
Հասարակություն
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր պարգևատրել է «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2021 թ. հաղթողներին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՊՀ-ում երկրորդ տարին անընդմեջ անցկացվել է «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթը, որի նպատակն է խթանել ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը, նպաստել արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը:
Մրցույթին մասնակցել են հիմնական, համատեղությամբ կամ ժամավճարային հիմունքներով դասավանդողները, որոնք տվյալ ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ում դասավանդել են առնվազն 2 մասնագիտական դասընթաց:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում շնորհավորել և պարգևատրվել է հայտարարված չորս անվանակարգերում հաղթող ճանաչված դասախոսներին:
Հանդիսավոր արարողության ժամանակ Գեղամ Գևորգյանը փաստեց, որ մրցույթը կարելի է կայացած համարել, քանի որ թե՛ մասնակիցների քանակը, թե՛ մրցակցության որակը գոհացնող են: Շնորհավորելով հաղթողներին՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն նշեց՝ նրանք լավագույնն են և պետք է օրինակ ծառայեն. «Գալիք ուսումնական տարում կտեսաձայնագրվեն ձեր դասախոսությունները, որոնք կմնան սերունդներին և կհարստացնեն նրանց գիտելիքները»:
Գեղամ Գևորգյանն ուշագրավ համարեց այն փաստը, որ մրցույթի հաղթող է ճանաչվել թե՛ ակադեմիկոս, թե՛ ասիստենտ, ինչը վկայում է, որ այս պարագայում հատկապես կարևոր է այն նվիրումը, որ դասախոսներն ունեն ուսումնական գործընթացի, ուսանողի ու լսարանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողներին տրվելում են հավաստագիր և ֆինանսական պարգևատրում: Բացի դրանից՝ մրցանակակիրները հնարավորություն են ունենալու տեսաձայնագրելու մեկ կրթական մոդուլ:
Քնար Միսակյան