- Main
- Node
- «ՉՍՊԻԱՑԱԾ ՎԵՐՔ» ԵՌԱՀԱՏՈՐ ՎԵՊԸ՝ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՅԵԼԻ
May 31, 2021 | 16:59
Հասարակություն
«ՉՍՊԻԱՑԱԾ ՎԵՐՔ» ԵՌԱՀԱՏՈՐ ՎԵՊԸ՝ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՅԵԼԻ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ գրող Ստեփան Ալաջաջյանի «Չսպիացած վերք» եռահատոր վեպի վերահրատարակման շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչներ, դասախոսներ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկաններ, ուսանողներ, Ստեփան Ալաջաջյանի դուստր Թերեզա Ալաջաջյանը:
Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը. «Մենք հավաքվել ենք մեկ անգամ ևս մեծարելու հայ մարդուն, հայ գրողին. մարդ, որն ունեցել է բավականին բարդ, հետաքրքիր, հակասական տվայտանքներով, որոնումներով ապրած կյանքի ուղի: Այս մարդը տասնյակ գրքերի հեղինակ է, հայրենիքի նվիրյալ, նրա գրականությունն այսօր էլ շատ ուսանելի պատգամներ է հղում մեզ, իսկ ինքը՝ իր գրականությամբ ու վաստակով, շարունակում է ներկա լինել մեր հոգիներում»:
Նա տեղեկացրեց, որ միջոցառումը նախաձեռնել և իրականացվում է պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի ջանքերով:
Ստեփան Ալաջաջյանի գրական գործունեությանը, մաքառումներով ու փորձություններով լի կյանքի ուղուն անդրադարձավ Գուրգեն Մելիքյանը:
Ներկայացնելով նրա բեղմնավոր ուղին՝ պրոֆեսորը նշեց, որ գրչին նվիրված լինելուց զատ՝ Ստեփան Ալաջաջյանն առաջին հերթին հայրենիքի նվիրյալ զավակն էր:
Գրողին չի խանգարել հայրենիքից հեռու լինելու հանգամանքը: Նա մշտապես հետաքրքրվել է հայրենակիցների խնդիրներով, փորձել է աջակցել ինչով հնարավոր է. պարբերաբար ֆինանսավորել է Քաշաթաղի բազմազավակ ընտանիքիների հիմնադրամին»:
Անդրադառնալով վեպի բովանդակությանը՝ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը նշեց. «Վեպի խորագիրն արդեն շատ բանի մասին է պատմում: Հայության ողբերգությունն իր սկիզբն ունի, ինչպես այսօրվա մեր իրականությունն է ցույց տալիս, ավարտը չի երևում: Սա մեր քաղաքական ճակատագիրն է: «Չսպիացած վերքն» ավելի քան արդիական է ու ստիպում է մտածել, խորհել տեղի ունեցածի մասին, դասեր քաղել պատմության էջերից, հասնել կատարյալ ինքնաճանաչողության, լինել զգոն, զգաստ: Ահա թե ինչու ենք մենք վերահրատարակել հենց այս վեպը»,- ամփոփեց Գուրգեն Մելիքյանը: