- Main
- Node
- ԵՊՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՆԱԽՈՐԴ 15 ԱՄԻՍՆԵՐԻ ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻՑ ՀՕԳՈՒՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
June 08, 2021 | 12:39
Հասարակություն
ԵՊՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՆԱԽՈՐԴ 15 ԱՄԻՍՆԵՐԻ ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԻՑ ՀՕԳՈՒՏ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Արհմիությունը որոշում է ընդունել հրաժարվել նախորդ 15 ամիսների անդամավճարների գումարներից, որոնք պարտավորեցրել են վճարել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Վերաքննիչ քաղաքացիական դատարանները: Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
Հարգելի՛ համալսարանականներ,
Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել թիվ ԵԴ/34663/02/19 քաղաքացիական գործով ԵՊՀ վճռաբեկ բողոքը, և, ըստ էության, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Վերաքննիչ քաղաքացիական դատարանների որոշումները մնացել են անփոփոխ և ուժի մեջ:
Այսինքն՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Վերաքննիչ քաղաքացիական դատարանները պարտավորեցրել են ԵՊՀ-ին նախորդ 15 ամիսների (10.2019 թ., 12.2019 թ., 02.2020 թ., 04.2020-04.2021թթ.) ԵՊՀ արհեստակցական կազմակերպությանը չվճարած անդամավճարները գանձել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների աշխատավարձերից և փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին:
Մտահոգված լինելով, որ 15 ամիսների անդամավճարների գանձումը, անկասկած, ԵՊՀ աշխատողների համար դառնալու է մեծ ֆինանսական բեռ, չցանկանալով առանց այն էլ ցածր աշխատավարձ ստացող ԵՊՀ աշխատողների համար ստեղծել հավելյալ սոցիալական խնդիրներ և առաջնորդվելով համալսարանական համերաշխության, արհմիութենական միաբանության ու սոցիալական գործընկերության սկզբունքներով.
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը որոշում է ընդունել հրաժարվել նախորդ 15 ամիսների անդամավճարների գումարներից և միջնորդել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին Արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների աշխատավարձերից չգանձել նախորդ 15 ամիսների անդամավճարները, որը կազմում է աշխատողի մեկ ամսվա աշխատավարձի շուրջ 15 տոկոսը:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը միաժամանակ որոշել է նախորդ 15 ամիսների անդամավճարների գումարները գանձել Արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող այն աշխատողների աշխատավարձերից, որոնք թիվ ԵԴ/34663/02/19 քաղաքացիական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռից հետո, այսինքն՝ 2021 թվականի մայիսի 19-ից հետո կհրաժարվեն ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամությունից:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամությունից հրաժարվելու դիմումներ լինելու պարագայում դիմումների վավերացված պատճենները և հրաժարվողների անվանական ցուցակները կներկայացվեն ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ նախորդ 15 ամիսների անդամավճարների գումարները ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամությունից հրաժարված աշխատողի աշխատավարձից գանձելու համար:
Հարգանքով՝
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ