- Main
- Node
- ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
June 09, 2021 | 21:39
Մշակույթ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ մշակույթի կենտրոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանը, Արման Մալխասյանն ու Ռաֆայել Բարխուդարյանը, համալսարանի ամբիոնների վարիչներ, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ հիմնադրման օրվանից համագործակցող գիտության և մշակույթի ոլորտի հայտնի գործիչներ, ՀՀ վաստակավոր արտիստներ:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ տարբեր բուհերի, Հայաստանում Ֆրանսիայի և Շվեյցարիայի դեսպանատների ներկայացուցիչներ:
Մեզ հետ զրույցում Կարինե Դավթյանը նշեց, որ այս 15 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ իրենք այսօրինակ միջոցառմամբ տոնում են ԵՊՀ մշակույթի կենտրոնի ծննդյան օրը:
Հոբելյանական միջոցառման պաշտոնական բացման արարողությունն ազդարարեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոսների հիշատակը:
Ներկաներին ողջունեց ԵՊՀ ռեկտորի ժ․պ․ Գեղամ Գևորգյանը:
Վերջինս առանձնահատուկ կարևորեց Մշակույթի կենտրոնի դերը ԵՊՀ-ի, ինչպես նաև ուսանողների կյանքում և շնորհակալություն հայտնեց Կարինե Դավթյանին անխոնջ աշխատանքի համար: Մշակույթի կենտրոնի աշխատակիցները խրախուսվեցին դրամական պարգևներով:
Կարինե Դավթյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Գեղամ Գևորգյանին, պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանին և Արման Մալխասյանին՝ Մշակույթի կենտրոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
«Կենտրոնի ստեղծման ու զարգացման գործում մեծ ներդրում ունեն նաև Արսեն Քարամյանն ու Արամ Սիմոնյանը։ Ստեղծագործել կարող են շատերը, բայց որպեսզի կատարված աշխատանքը գնահատող լսարան ունենա, դրա համար շատ կարևոր է մշակույթի բարերար ազդեցությունը հասկացող ղեկավարություն ունենալը»,- շեշտեց Կարինե Դավթյանը:
Մշակույթի կենտրոնի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հնչեցրին ԵՊՀ դասախոսական կազմի ներկայացուցիչները, կենտրոնի հիմնադրման օրվանից համագործակցող անվանի գործիչները, ինչպես նաև տեսաուղերձներով ներկաներին ողջունեցին արտերկրում գտնվող Մշակույթի կենտրոնի սաները:
Այնուհետև տեղի ունեցավ «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների և կատարողների հանրապետական ուսանողական բիենալեի գրական ու կերպարվեստի մրցույթներում պարգևատրված մասնակիցների ստեղծագործությունների ժողովածուի, ինչպես նաև Մշակույթի կենտրոնի 15-ամյակին ընդառաջ տպագրված «Պիեսների սցենարական մշակումներ» և «Հայկական երգերի երգչախմբային մշակումներ» ժողովածուների շնորհանդեսները ու գինեձոնի արարողությունը:
Նշենք նաև, որ Մշակույթի կենտրոնի նախկին և ներկա սաները հոբելյանական օրվա համար պատրաստել էին տոնական յուրօրինակ համարներ: Կենտրոնի մենակատարները, պարային համույթն ու երգչախումբը ներկայացան նոր կատարումներով: