- Main
- Node
- ԵՊՀ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՂՈՐԴՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
June 15, 2021 | 17:07
Կրթություն
ԵՊՀ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՂՂՈՐԴՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
«Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է աշխատաշուկայի և պահանջվող մասնագիտական հմտությունների ուսումնասիրության հիման վրա: Այն կազմվել է մի շարք առաջատար համալսարանների կենսաբանության և մանրէաբանության մագիստրոսական ծրագրերին համապատասխան։
Մեզ հետ զրույցում մագիստրոսական ծրագրի ղեկավար Կարեն Թռչունյանն ասաց, որ ծրագիրը նպատակ ունի տրամադրելու մասնագիտական խորը գիտելիքներ կիրառական մանրէաբանության և նորարարական տեխնոլոգիաների հիմնարար և կիրառական ասպարեզներում, ինչպես նաև խթանելու ուսանողների նորարարական մտածողությունը՝ կիրառական նշանակության և հետազոտությունների արդյունքների ներդրման ու առևտրայնացման նորարարական առաջարկներ մշակելու համար:
Կարեն Թռչունյանն ասաց, որ ծրագիրը ներդրվել է՝ լրացնելու աշխատաշուկայի պահանջարկի այն բացը, որը կա ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում. «Այսօր մանրէաբանների խիստ կարիք կա, և մենք փորձում ենք այսօրվա չափանիշներին ու պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստել»:
Մինչև ծրագրի գործարկումը՝ Կարեն Թռչունյանն անձամբ այցելել է տարբեր գործարաններ և ծանոթացել պահանջվող այն չափանիշներին, որոնց պետք է բավարարի այսօրվա մանրէաբանը՝ արհեստավարժ և աշխատաշուկայում մրցունակ լինելու համար:
«Մագիստրոսական ծրագրի շրջանակում դասավանդվում են այնպիսի առարկաներ, որոնք չեն կրկնվում: Եզակի ծրագրերից է, որտեղ դասավանդվող առարկաների ցանկում ներառված են գիտությունից դեպի արտադրություն ուղղորդող դասընթացներ, ինչպիսիք են օրինակ՝ «Նորարարական տեխնոլոգիաները մանրէաբանական արտադրության մեջ», «Գիտությունից դեպի արտադրություն. փորձ և հեռանկարներ», «Նորարարություն. բիզնեսմոդելավորում և սկզբնավորում («Start Up»)» և այլն»,- ասաց մագիստրոսական ծրագրի ղեկավարը:
Նրա խոսքով, ծրագրի լաբորատոր աշխատանքներն էլ կազմակերպվում են այնպես, որ մագիստրոսները ձեռք բերեն համապատասխան հմտություններ. «Բացի դրանից՝ նախատեսում ենք որոշ դասընթացներ իրականացնել արտադրական ձեռնարկություններում, որ ուսանողները տեղում ծանոթանան արտադրական գործընթացին և ձեռք բերեն անհրաժեշտ գիտելիքներ»:
Կարեն Թռչունյանն ասաց, որ իր նախաձեռնությամբ, ներդրվել է նաև սկզբունք, ըստ որի՝ «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները պետք է ունենան տպագրված գիտական հոդված ազդեցության գործակից ունեցող ամսագրերից որևէ մեկում.«Ի դեպ, այն ուսանողները, որոնց ղեկավարը եղել եմ ես, ազդեցության գործակից ունեցող ամսագրերում ունեն տպագրված երկու գիտական հոդված»:
Ըստ Կարեն Թռչունյանի՝ ծրագրի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ բոլոր շրջանավարտներն աշխատում են իրենց մասնագիտությամբ. «Այս տարի մեր մագիստրոսական ծրագրում սովորում են առավել մեծ թվով՝ 15 մագիստրոսներ, և հուսով ենք, որ նրանք ևս կգտնեն իրենց տեղն աշխատաշուկայում»:
Նա նաև տեղեկացրեց, որ մագիստրոսական ծրագրի շրջանակում համագործակցում են մի շարք գործարանների հետ, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու համար:
Տեղեկացնենք, որ մագիստրոսական ծրագրին կարող են դիմել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք:
Քնար Միսակյան