- Main
- Node
- ՍՊՈՐՏԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՆՏԵՐԿԱՏԻՎ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
June 28, 2021 | 16:39
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՆՏԵՐԿԱՏԻՎ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների, ինչպես նաև PR ոլորտի առաջատար մասնագետների համար ինտերկատիվ դաս վարեց սպորտային ոլորտում հաղորդակցության լավագույն մասնագետներից մեկը՝ Նիկոլայ Պետրոսյանը:
Դասի սկզբում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Նիկոլայ Պետրոսյանին` հրավերն ընդունելու և արժեքավոր դասախոսությամբ հանդես գալու համար:
Դասախոսության ընթացքում Նիկոլայ Պետրոսյանը ներկայացրեց սպորտային ոլորտում PR գործիքների կիրառման առանձնահատկությունները՝ նշելով, որ ներկայացված սկզբունքներն համընդհանուր ու կիրառելի են նաև այլ ոլորտներում:
Նիկոլայ Պետրոսյանն անդրադարձավ նաև արդյունավետ PR-ի անհրաժեշտ պայմաններին՝ կարևորելով խոսքի և մամուլի ազատությունը. «Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը PR ոլորտում հեղինակությունների ինստիտուտի բացակայությունն է»:
Նրա խոսքով, կարևոր խնդիրներից է անկախ դատարանների բացակայությունը, դրանց առկայությունը հնարավորություն կտար դատարանում վիճարկելու հեղինակության խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:
Բացի դրանից՝ Նիկոլայ Պետրոսյանը խորհուրդ տվեց մասնագիտական գործունեությունը ծավալելիս սերտորեն համագործակցել իրավաբանների հետ՝ հետագա բարդություններից և թյուրիմացություններից խուսափելու համար:
Ներկայացնելով PR հաղորդագրության տեսակները՝ բանախոսն առանձնացրեց պրոակտիվ և ռեակտիվ տեսակները. «Թեպետ մասնագետները չեն դադարում նշել, որ մամուլի հաղորդագրության ձևաչափն արդեն հին է, միևնույն է այն դեռ շարունակվում է կիրառվել, ուստի շատ կարևոր է նմանօրինակ հաղորդագրություններն օրիգինալ տարածել»:
Բանախոսն անդրադարձավ նաև մատուցվող PR ծառայությունների առանձնահատկություններին, ինչպես նաև առանձնահատուկ մատնանշեց մամուլի խոսնակի դերն ու կարևորությունը PR գործընթացում:
Ինտերակտիվ դասի վերջում Նիկոլայ Պետրոսյանը պատասխանեց ներկաներին հուզող մի շարք հարցերին: