- Main
- Node
- ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄ, ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
July 09, 2021 | 15:09
Կրթություն
ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄ, ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել լաբորատորիայի վերաբացման, ինչպես նաև շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություններ:
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանի գլխավորությամբ հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ հանձնվեցին դեռևս երեք տարի առաջ մեկնարկած Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին:
«Մագիստրոսական ծրագիրն արդեն երկրորդ շրջանավարտներն ունի, ինչը նշանակում է, որ այն հաջողությամբ է ընթանում: Շրջանավարտները գոհ են իրենց ստացած գիտելիքներից, և դա է վկայում նաև այն, որ նրանք կարողանում են հեշտության աշխատանք գտնել ոլորտի առաջատար ընկերություններում և լավագույնս կիրառել իրենց հմտությունները»,- նշեց ֆակուլտետի դեկանը և հավելեց, որ ծրագրի ստեղծման օրվանից լայն համագործակցություն է ծավալվել ՏՏ ոլորտի մի շարք կազմակերպությունների հետ:
Մագիստրոսական ծրագրի հիմքում ԵՊՀ երիտասարդ դասախոսներ Կարեն Քեռյանն ու Միքայել Պողոսյանն են, որոնց շնորհիվ էլ ծրագիրը մեծ հաջողությունների է հասել: Մասնավորապես, փոխգործակցելով ոլորտի ընկերությունների հետ, ֆակուլտետում ստեղծվել է համապատասխան լաբորատորիա, որն այսօր վերազինվել է նորագույն սարքավորումներով:
«Երբ անցյալ տարի ծրագիրն ունեցավ 30 դիմորդ, մենք հասկացանք, որ լաբորատորիան պետք է վերազինվի, իսկ համակարգիչների թիվը պետք է շատանա: Մեզ կրկին ձեռք մեկնեց մեր լավ գործընկեր «Krisp» ընկերությունը, որի միջոցով էլ այսօր մեր լաբորատորիան համալրվեց ևս 15 գերհզոր համակարգչով»,- ասաց Արթուր Սահակյանը և հատուկ շնորհակալություն հայտնեց ընկերության ղեկավար Արտավազդ Մինասյանին, որը, ի դեպ, ԵՊՀ շրջանավարտ է, Մայր բուհին մշտապես աջակցություն ցուցաբերելու և արդյունավետ համագործակցություն ծավալելու համար:
Այնուհետև Գեղամ Գևորգյանը «Krisp» ընկերության համահիմնադիր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արտավազդ Մինասյանին համալսարանական կրթության զարգացման մեջ մեծ ավանդի, Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն մագիստրոսական ծրագրի կայացման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու և ԵՊՀ-ի հետ սերտ համագործակցելու համար պարգևատրեց ԵՊՀ ոսկե մեդալով:
«Վստահ եմ, որ ծրագիրը փայլուն ապագա ունի: Այն, որ ծրագրի շրջանավարտները կարողանում են բարձր վարձատրությամբ աշխատանք գտնել, արդեն իսկ գոհացնող ցուցանիշ է: Ուրախ եմ, որ իմ հարազատ ֆակուլտետում նմանօրինակ ծրագրեր են գործում»,- ասաց Գևորգյանը:
Արտավազդ Մինասյանը նշեց, որ պարգևը բավականին խորհրդանշական է իր համար. «Մեր ընկերության հաջողությունն ու աճը հիմնականում պայմանավորված է ԵՊՀ բնական գիտությունների գծով ֆակուլտետների շրջանավարտների աշխատանքով: Ես նույնպես շնորհակալ եմ»:
Արթուր Սահակյանը նաև շնորհակալագրեր հանձնեց այն բոլոր ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք սերտորեն համագործակցում են ֆակուլտետի, մասնավորապես մագիստրոսական ծրագրի հետ՝ տրամադրելով կրթաթոշակներ: