- Main
- Node
- ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
July 12, 2021 | 14:18
Հասարակություն
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն ասաց, որ ԵՊՀ արհմիությունը տուրիստական կազմակերպության հետ բանակցության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել՝ հնարավորություն տալով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին կազմակերպելու ամառային հանգիստը բացառիկ զեղչով:
Ըստ այդմ՝ համալսարանականներն իրենց և իրենց ընտանիքի անդամների հանգիստը կարող են կազմակերպել Հայաստանում գործող ցանկացած հանգստյան տանը, առողջարանում և հյուրանոցում՝ սահմանվածից 10 % զեղչված գներով:
«Նախորդ տարիների համեմատ այս տարի ավելացել է ևս մեկ հնարավորություն․սահմանված 10 % զեղչը տարածվում է նաև Հայաստանի դուրս՝ արտագնա-արտասահմանյան տուրիստական փաթեթների վրա»,- ասաց Արմեն Ավետիսյանը։
Խոսելով ԵՊՀ Ծաղկաձորի հանգստյան տան ուղեգրերի մասին՝ Արմեն Ավետիսյանն ասաց, որ ԵՊՀ աշխատողների և նրանց ընտանիքի անդամների (կին, ամուսին, երեխաներ) համար որոշվել է 1000 դրամով (շուրջ 12.5 %) փոխհատուցել մեկ ուղեգրի արժեքը՝ սկսած սույն թվականի հուլիսի 12-ից։
«ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող ԵՊՀ բոլոր աշխատողների համար Ծաղկաձորի հանգստյան տան մեկ անձի մեկ օրվա ուղեգիրը կարժենա 7000 դրամ, նախկին 8000 դրամի փոխարեն։ 1000 դրամը կփոխհատուցվի ԵՊՀ արհեստակցական կազմակերպության միջոցներից»,- ասաց Արմեն Ավետիսյանը։
Առավել մանրամասն տեղեկություն ստանալու և ուղեգրեր ձեռք բերելու համար համալսարանականները ժամը 10:00-17:00-ն կարող են դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ, հեռ.՝ (+374 60) 710-176, (+374 10) 554-612)։
Պատրաստեց Քնար Միսակյանը