- Main
- Node
- «ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է»․ ՎԱՀԱԳՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
July 13, 2021 | 16:11
Հասարակություն
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է»․ ՎԱՀԱԳՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահագն Միքայելյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի ֆիզիկամաթեմատիկական անվանակարգի հաղթողներից մեկն է: Պարոն Միքայելյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մաթեմատիկայի ուսուցման, մաքուր և կիրառական մաթեմատիկայի տեսակետների միջև տարանջատումների, ոլորտի հեռանկարների և այլ թեմաների մասին։
- Պարո՛ն Միքայելյան, ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը: Կա՞ մեկը, որը ոգեշնչել է Ձեզ:
- Այո՛, իհարկե: Իմ հայրիկը՝ պրոֆեսոր Համլետ Միքայելյանը, շատ լավ մաթեմատիկոս է, և ես մեծացել եմ մի տան մեջ, որտեղ մի քանի պատ զբաղված է գրադարակներով: Ինձ վրա ազդեցություն են թողել նաև 1980-90-ականներին Ռուսաստանից հաճախակի Հայաստան այցելող հանրահաշվի առաջատար մասնագետները: Նրանք տարբերվում էին երևանյան դասախոսի ավանդական կերպարից, քանի որ նրանց խոսակցությունների ժամանակ անընդհատ շեշտվում էր, թե իրենք ինչ բարդ պրոբլեմներ են լուծել, ինչ գիտաժողովների են զեկուցել այդ մասին և այլն: Այսինքն՝ նրանց գործունեության առանցքը ոչ այնքան համալսարաններում դասավանդելն էր, որքան գիտությամբ զբաղվելը: Այս նպատակն իմ մեջ ձևավորվեց ցածր կուրսերում և այլևս թույլ չտվեց, որ որևէ այլ ուղղությամբ գնամ: Ինձ ոգեշնչողների թվում կուզենայի նաև նշել Մոսկվայի համալսարանում իմ գիտական ղեկավար պրոֆեսոր Ա. Յու. Օլշանսկուն և Գերմանիայում իմ հետազոտական աշխատանքի ղեկավար պրոֆեսոր Հ. Հայնեկենին:
- Ինչպե՞ս կսահմանեք մաթեմատիկան:
- Բարդ հարց է: Ըստ Գ. Կանտորի՝ մաթեմատիկայի էությունն ազատությունն է….
- Ինչպե՞ս պետք է այն ուսուցանել՝ ըստ Ձեզ: Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:
- Չխուսափել մաթեմատիկայի բարդություններից, լավագույն ուսանողներին ոգեշնչել սովորել ավելին, քան նշված է դասընթացում, միշտ ձգտել դեպի վեր:
- Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ. լուծել խնդիրնե՞ր, թե՞ զարգացնել տեսություններ:
- Խնդիրների և պրոբլեմների լուծումն առաջնային է, քանի որ այն մոտիվացնում է մնացածը: Նման պրոբլեմները կարող են մաթեմատիկոսի մտքում սեփական կյանքով ապրել տարիներ շարունակ՝ ստիպելով, որ դրանց լուծման համար նա նոր գործիքներ յուրացնի՝ հաճախ «ավելորդ» ամիսներ ծախսելով: Բայց եթե պրոբլեմի լուծման հեռավոր, մշուշոտ հնարավորություն է ուրվագծվում, դա առաջացնում է նոր էներգիայի այնպիսի մի էյֆորիկ ալիք, որը ոչ միայն թույլ է տալիս խնդիրը լուծել, այլև դիմակայել մեր առօրյա կյանքի այլ բարդություններին ևս:
- Պարո՛ն Միքայելյան, ըստ Ձեզ՝ այսօր՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացման այս փուլում, մաթեմատիկան՝ որպես գիտության առանձին ճյուղ, դեռ արդիակա՞ն է և կլինի՞ այդպիսին մոտ ապագայում, թե՞ ոչ:
- Քանի որ տեխնոլոգիաների զարգացումը հենց մաթեմատիկայի վրա է հենվում, այն միայն շեշտում է մաթեմատիկայի դերը: Իհարկե հնացող թեմաներ էլ կան (ինչպես «Բրադիսի աղյուսակները», որոնցով տարիներ առաջ sin (x) էին հաշվում, երբ համակարգիչներ չկային), բայց ընդհանուր առմամբ մեր օրերում գնալով մաթեմատիկայի ավելի ու ավելի լայն շերտեր են ներգրավվում տեխնոլոգիայի, ինֆորմատիկայի, տվյալագիտության, արհեստական ինտելեկտի ասպարեզներում:
- Իսկ մաքուր և կիրառական մաթեմատիկայի տեսակետների միջև տարանջատումներն այսօր շա՞տ են:
- Այդ տարանջատումը մեր օրերում անընդհատ նվազող, նահանջող գծի է վերածվում: Ի նկատի ունեմ այն, որ մաթեմատիկայի շատ բաժիններ, որոնք տասնամյակներ առաջ զուտ տեսական հետաքրքրություն ունեին, այժմ կիրառվում են տարբեր ոլորտներում: Ընդ որում՝ կիրառվում են ոչ միայն ինչ-որ տեղ, օրինակ՝ Սթենֆորդում, այլ նաև Երևանում: Օրինակ՝ մատրիցի SVD-վերլուծությունն իմ ուսանողական տարիներին ընկալել եմ միայն որպես բարդ արտապատկերումները նկարագրելու եղանակ, այնինչ այն հիմա տվյալները «սեղմելու» հիմնական մեթոդներից է. ձեր համակարգիչն արդեն մի քանի անգամ կիրառեց այդ մեթոդը, քանի դեռ կարդում էիք այս տողերը: Նույնը վերաբերում է Ֆուրյեի շարքերին, ֆունկցիայի գրադիենտին և այլն:
- Ըստ Ձեզ՝ կիրառական մաթեմատիկան Հայաստանում այսօր գրավի՞չ է: Ձեր կարծիքով, զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի այն:
- Վերջին տարիներին ինձ ամենաշատն ուրախացնող միտումներից մեկը հենց այն է, որ մեր ուսանողներն իսկապես սկսում են հասկանալ, որ եթե անգամ իրենք որոշել են «զուտ ծրագրավորմամբ» զբաղվել, ապա իրենց դարձյալ անհրաժեշտ է մաթեմատիկայի լուրջ իմացություն: Մոտ 7-10 տարի առաջ ԻԿՄ-ում դեռ կային «զուտ ծրագրավորող» դառնալ ձգտող ուսանողներ, որոնք խուսափում էին մաթեմատիկա սովորելուց, քանի որ «դե դա C++ լեզվի մեջ պետք չէ»: Հիմա բարեբախտաբար արդեն այդպես չէ: ԻԿՄ մագիստրատուրայի «Ալգորիթմական հանրահաշիվ» առարկայի շրջանակում ուսանողներն ինձ վերջերս զարմացրին մաթեմատիկայի հանդեպ շատ լուրջ վերաբերմունքով: Ընդ որում՝ իրենց մոտիվացիան գալիս է հենց կիրառական մաթեմատիկայից. ինքնուրույն սովորել էին արհեստական ինտելեկտի, նեյրոնային ցանցերի համար անհրաժեշտ գրադիենտային վայրէջքի մեթոդները և այլն…. Այսինքն՝ շատ ուսանողներ ոչ միայն ավելորդ չեն համարում մեր դասավանդած մաթեմատիկան, այլև ինքնուրույն յուրացնում են այլ բաժիններ ևս:
- Պարո՛ն Միքայելյան, ի՞նչ խորհուրդ կտայիք կրթության կազմակերպիչներին:
- Ամեն ինչ անել՝ երիտասարդ կադրերին համալսարաններ բերելու: Եթե սերնդափոխության բնական ընթացք չլինի, ապա....
- Իսկ ի՞նչ կփոխեիք գիտության ոլորտում:
- Այդ ոլորտը, ի տարբերություն կրթության ոլորտի, ավելի ունիվերսալ-էյկումենիկ բնույթ ունի և ղեկավարվում է արտաքին, ոչ հայաստանյան լծակներով: Մեր խնդիրն է հասկանալ այդ լծակները և օգտագործել դրանք ինչպես հարկն է: Օրինակ՝ գիտական աշխատանքի գնահատման համար գնալով ավելի կենտրոնական դեր են ստանում ազդեցության գործակցով հրապարակումները: Հայաստանում պետք է այդ համակարգն էապես ավելի շատ կիրառվի համալսարանների աշխատակիցների աշխատանքի գնահատման համար: Դրանից բացի՝ երիտասարդ կադրերի պատրաստման համար պետք է ավելի շատ օգտագործվեն արտասահմանյան գիտական կենտրոնները Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր: Պետք է ավելի շատ մեխանիզմներ ստեղծվեն, որոնցով լավագույն ուսանողները կկարողանան ուսումը շարունակել այնտեղ (իհարկե, հետագայում աշխատանքը Հայաստանում շարունակելու երաշխիքներով):
- Պարո՛ն Միքայելյան, հայտնի մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայան ասել է. «Պոետը պետք է տեսնի այն, ինչ չեն տեսնում ուրիշները։ Եվ նույնը պարտավոր է մաթեմատիկոսը»։
Համաձա՞յն եք այս մտքի հետ։ Ըստ Ձեզ՝ մաթեմատիկոսը պե՞տք է նաև պոետ լինի։
- Եկեք այդ հարցին պատասխանեմ Ս. Կովալևսկայայի ուսուցչի՝ Կ. Վայերշտրասի խոսքերով. «Այն մաթեմատիկոսը, որը մի քիչ պոետ չէ, երբեք չի դառնա կատարյալ մաթեմատիկոս»:
- Ձեր խորհուրդը Ձեր ուսանողներին և գործընկներներին:
- Ձգտել միայն ամենաբարձր ցուցանիշներին: Երբեք չհուսահատվել անհաջողություններից, չվախենալ ծանր աշխատանքից:
Քնար Միսակյան