- Main
- Node
- «ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
July 19, 2021 | 15:32
Կրթություն
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ, մագիստրոսական ծրագրի ղեկավար Նարինե Հարությունյանն ասաց, որ կրթական ծրագիրն ունի մեկ տարի տևողություն, այն ներառում է պարտադիր հետազոտական, գործնական և կիրառական բաղադրիչներ, որոնք իրականացվելու են ոչ միայն դասախոսությունների, այլև թրեյնինգների, հոգեբանական վարժանքների, քեյս-սթադիների, իրավիճակների հոգեբանական վերլուծությունների միջոցով:
«Կրթական ծրագրի յուրացման արդյունքում հոգեբան-խորհրդատուն կկարողանա աջակցել հոգեբանական խորհրդատվության դիմած զույգին՝ հաղթահարելու ամուսնական հարաբերություններում ծագած խնդիրները, օգնել ծնողներին՝ հաղթահարելու երեխաների հետ շփման դժվարությունները, ցուցաբերել աջակցություն առողջական խնդիրներ ունեցող ընտանիքի անդամներին՝ բարելավելու ինքնազգացողությունը, հուզական ապրումները, ինչպես նաև օգնել ընտանիքի անդամներին՝ յուրացնելու բարեկեցիկ ապրելու օրինաչափությունները՝ ներառականության սկզբունքներին համաձայն»,- փաստեց մագիստրոսական ծրագրի ղեկավարը:
Նրա խոսքով, մագիստրոսական ծրագրի դասախոսական անձնակազմն ունի տեսական և գործնական հարուստ փորձ. «Դասախոսությունները կարդալու են հոգեբանական խորհրդատվություն իրականացնող փորձառու մասնագետներ` հոգեբաններ, հոգեբան-խորհրդատուներ, ինչը կապահովի կրթության կիրառականությունը, ինչպես նաև ուսանողների համար կապեր կստեղծի հետագայում «networking» իրականացնելու համար»:
Նարինե Հարությունյանը փաստեց, որ մագիստրոսական ծրագիրը նպատակ ունի պատրաստելու անհրաժեշտ գիտելիքներով զինված արհեստավարժ ընտանեկան և խմբային հոգեբան-խորհրդատուներ, ամուսնական հարաբերությունների հոգեբան-խորհրդատուներ, ծնող-երեխա միջանձնային հարաբերությունների հոգեբան-խորհրդատուներ, տարիքային տարբեր խմբերի անհատական խորհրդատվության մասնագետներ, թրեյնինգավարներ ու քոուչներ:
Տեղեկացնենք, որ մագիստրոսական ծրագրին կարող են դիմել բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք:
Քնար Միսակյան