- Main
- Node
- ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵՑ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
July 21, 2021 | 16:39
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵՑ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Հասարակայնության հետ կապեր» (PR) մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, փոխդեկան Անահիտ Սահակյանը, «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը, ֆակուլտետի դասախոսներ, ծնողներ:
Արթուր Մկրտիչյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորեց մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին՝ մաղթելով կանաչ ճանապարհ և նորանոր հաջողություններ:
«Ֆակուլտետում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ դուք կկարողանաք հաղթահարել շատ խոչընդոտներ և դառնալ պահանջված մասնագետներ»,- ասաց պարոն Մկրտիչյանը:
Բարեմաղթանքներին միացավ նաև փոխդեկան Անահիտ Սահակյանը, որն առանձնահատուկ շեշտեց «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ուրույն տեղը ֆակուլտետում և հույս հայտնեց, որ առաջիկայում էլ ուսանողներին միայն հաջողությունները կուղեկցեն:
Մագիստրոսական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը, շնորհավորելով շրջանավարտներին, շեշտեց նրանցից յուրաքանչյուրի յուրօրինակությունն ու անչափ կարևորեց շրջանավարտների հետ մշտապես կապի մեջ լինելու հանգամանքը:
Մեզ հետ զրույցում շրջանավարտներից Էլինա Արիստակեսյանը նշեց, որ իր համար անչափ հուզիչ է ֆակուլտետից ու համալսարանից բաժանվելը՝ շեշտելով, որ ֆակուլտետն իրեն շատ բան է տվել թե՛ մարդկային ռեսուրսների և թե՛ կրթության առումով:
«Համալսարանի լավագույն ֆակուլտետում, որտեղ երազել եմ սովորել, սովորեցի»,- ասաց նա: