- Main
- Node
- ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
October 16, 2021 | 09:48
Հասարակություն
ԱՅՍՕՐ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՆ Է
Այսօր նշվում է Հայ մամուլի օրը: Ամսաթվի ընտրությունը պատահական չէ, քանի որ 1794 թվականի հենց այս օրը Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը», իսկ արդեն 2004 թ. ապրիլի 22-ից, Հայաստանի կառավարության որոշմամբ, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր:
Օրվա առթիվ զրուցել ենք ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ՝ անդրադառնալով թվային դարաշրջանում արդի մամուլի մարտահրավերներին և համալսարանական թերթի ապագային:
Մեզ հետ զրույցում Կարեն Գրիգորյանը, շնորհավորելով գործընկերներին մասնագիտական օրվա կապակցությամբ, փաստեց, որ մամուլը դեռևս հին ժամանակներից ունեցել է հստակ առաքելություն՝ մարդկանց տեղեկություն հաղորդել:
Նրա խոսքով, 20-րդ դարի տեխնիկական զարգացման շնորհիվ առաջացած տեղեկատվության այլընտրանքային աղբյուրները՝ ռադիոն, գունավոր հեռուստատեսությունը, մամուլի դերը, կարծես թե, հետին պլան են մղել:
Սակայն այստեղ, ըստ մեր զրուցակցի, շատ կարևոր է հասկանալ այն ճիշտ ձևաչափը, որով տեղեկությունը պետք է հասնի ընթերցողին:
«Արդեն կարող ենք արձանագրել, որ տպագիր մամուլի շատ ներկայացուցիչներ հաջողությամբ կարողացել են իրենց սպառողին գտնել նաև այսօր»,- ասաց Կարեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, հիմա արդեն հստակ կարելի է արձանագրել, որ տեղեկատվության այլ միջոցների ի հայտ գալն ամենևին չի նվազեցրել մամուլի դերն ու կարևորությունը:
«Կար ժամանակ, երբ մարդիկ մտածում էին, որ էլեկտրոնային գրքերի ստեղծումը մրցակցությունից դուրս է թողնելու ավանդական գիրքը, բայց, ինչպես տեսնում ենք, դրանք դեռ կան և շարունակում են տպվել»,- նշեց Հրատարակչության տնօրենը:
Այնուհետև նա անդրադարձավ ԵՊՀ տպագիր թերթի պատմությանը՝ նշելով, որ 1920 թ. հունվարի 31-ին Հայաստանի անդրանիկ համալսարանի բացման կապակցությամբ Ալեքսանդրապոլում (ներկայումս՝ Գյումրի) լույս է տեսել «Հայաստանի համալսարան» մեկօրյա թերթը, որի առաջնորդող հոդվածը գրել է բուհի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանը:
Կարեն Գրիգորյանն ընդգծեց, որ ԵՊՀ թերթն իր լույսընծայման տարիների ընթացքում ներկայացրել է համալսարանական առօրյայի վերաբերյալ հավաստի ու բովանդակալից տեղեկություն, վերհանել ու հասարակության դատին է հանձնել թերացումները, տարածել ու քարոզել ուսանելին:
«Բնականաբար այսօր էլ հնարավոր է ԵՊՀ թերթը լույս ընծայել, պարզապես անհրաժեշտ է քննարկել և հասկանալ, թե այն ինչ ասելիք պետք է ունենա, և ով է լինելու նրա ընթերցողը՝ դասախոս, ուսանող, թե գիտնական»,- ասաց Հրատարակչության տնօրենը՝ փաստելով, որ միայն այդպես պարզ կդառնան թերթի բովանդակությանը վերաբերող շատ հարցեր:
Կարեն Գրիգորյանը, ևս մեկ անգամ անդրադառնալով օրվա խորհրդին, գործընկերներին մաղթեց զերծ մնալ զրպարտությունից, կարծիքը որպես փաստ ներկայացնելու արատավոր սովորությունից և հնարավորինս մարդակենտրոն լինել՝ ներկայացնելով պատմություններ մարդու մասին:
ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը նույնպես, խոսելով համալսարանի թերթի կրկին լույսընծայման հնարավորությունների մասին, տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսված են դրա շուրջ քննարկումներ:
«Փակագծերը շատ չբացելով՝ այնուամենայնիվ ուրախությամբ պետք է հայտնեմ, որ 2022 թ. մտադիր ենք կրկին հրատարակել ԵՊՀ թերթը, սակայն թե ինչ ձևաչափով, թույլ տվեք առայժմ չհայտնել: Թերթի լույսընծայումն իսկապես կարևոր է, քանի որ հասարակության մեջ կա մի զանգված, որի համար թերթ կարդալը մշակույթ է»,- ասաց մամուլի խոսնակը:
Ազնիվ Գրիգորյանը, մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով հայ մամուլի բոլոր երախտավորներին, իր շնորհակալությունը հայտնեց նրանց կատարած ահռելի աշխատանքի համար՝ ևս մեկ անգամ ընդգծելով մամուլի առաքելության կարևորությունը. «Անժխտելի է, որ հայ մամուլն իր անգնահատելի դերն ունի իրավական պետության և ժողովրդավարական հասարակության կերտման ճանապարհին»: