- Main
- Node
- «ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ՀԵՏՈ». ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
December 09, 2021 | 14:46
Հասարակություն
«ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻՑ ՀԵՏՈ». ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի է ունեցել «Հոգեբանության ներուժը ռազմական ագրեսիայից հետո» խորագրով զեկուցումների ժողովածուի շնորհանդեսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախյան 44-օրյա պատերազմի հոգեբանական հետևանքներին, ցուցաբերված մասնագիտական հոգեբանական աջակցությանը և հետագա ծրագրերի քննարկմանը։
Նշենք, որ ժողովածուն լույս է տեսել «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովի ընթացքում գումարված նստաշրջանի շրջանակում:
Հանդիպման բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, որը շեշտեց հոգեբանների առջև ծառացած խնդիրները, ընդգծեց հոգեբանների կոդեքս ստեղծելու, հեռանկարների և տարբեր հոգեբանական կազմակերպությունների միավորման անհրաժեշտությունը։
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը կարևորեց Երևանի պետական համալսարանի հոգեբանների ակտիվ ներգրավվածությունը պատերազմի ընթացքում և հետպատերազմական ժամանակահատվածում։
ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության հոգեբանական ապահովման բաժնի պետ, փոխգնդապես Սամվել Բարոյանն իր ելույթում խոսեց վերջին մեկ տարվա ընթացքում բանակում առաջացած խնդիրների, զինվորականների բարոյահոգեբանական պատրաստվածության և բարոյալքման մասին։
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց ասոցիացիայի ստեղծման իր փորձը, ապա կարևորեց ընդհանուր հոգեբանական ասոցիացիայի ստեղծման հրատապությունը՝ նշելով, որ հոգեբանական դաշտն ունի շատ բացթողումներ։
Կառավարման ակադեմիայի պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանն էլ անդրադարձավ վերջին 6 ամիսների ընթացքում գործող հոգեբանական աջակցության կոնսորցիումի ձևաչափին և դրական փոփոխություններին։
Ելույթներով հանդես եկան նաև «Ինթրա» հոգեբանական կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը, Կառավարման ակադեմիայի հոգեբանության դոկտոր Արսեն Լոքյանը և «Ապագա» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանը: