- Main
- Node
- «ՃԻՇՏ ՊԱՀԻՆ ԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ՈԳԵՎՈՐԵՑԻՆ ԵՎ ՕԳՆԵՑԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ
April 08, 2022 | 14:37
Կրթություն
Գիտություն
«ՃԻՇՏ ՊԱՀԻՆ ԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ՈԳԵՎՈՐԵՑԻՆ ԵՎ ՕԳՆԵՑԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏ
Լևոն Հարությունյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի` կենդանաբանության ամբիոնի ասպիրանտ է, «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021»-ի հաղթողներից: Ստացած դրամաշնորհի շրջանակում ասպիրանտն ուսումնասիրելու է Հարավային Կովկասում գորշ արջերի վրա սոցիալ-էկոլոգիական իրավիճակի ազդեցությունը:
Գորշ արջի խնդիրները Հարավային Կովկասում
Կովկասն աշխարհի կենսաբազմազանության 36 կիզակետերից մեկն է, որն աչքի է ընկնում հազվագյուտ և վտանգված կենդանական ու բուսական տեսակներով: Դրանց թվին է պատկանում գորշ արջը, որը, թեև տարածված տեսակ է, այնուամենայնիվ հատկապես հետխորհրդային շրջանում մի շարք խնդիրների առաջ է կանգնել. խաթարվել է կենսամիջավայրը, ուժգնացել է ապօրինի որսը:
Արջերի բնական ապրելավայրերը նվազել են, այդ պատճառով նրանք հաճախ ստիպված են լինում սնունդ հայթայթել մարդու գործունեությամբ ստեղծված աղբյուրներից: Դրա հետևանքով վնասվում են գյուղատնտեսական տարածքներ, մեղվանոցներ, տնային կենդանիներ:
Այս երևույթն իր հերթին ավելացնում է ճնշումը և կոնֆլիկտի հավանականությունը՝ մարդու և գորշ արջի միջև: Իմ աշխատանքի նպատակն է ուսումնասիրել նշված խնդիրները: Նախկինում որոշ ուսումնասիրություններ արվել են, սակայն լայնածավալ և համապարփակ հետազոտություն չի անցկացվել:
Ինձ օգնում է լավագույն մասնագետներից կազմված միջազգային թիմ՝ Գերմանիայի Հումբոլդտի համալսարանից, Վրաստանից, Հայաստանից և այլ երկրներից:
Չհանձնվելու մասին
Կենսաբանությունն ինձ միշտ է հետաքրքրել, սակայն եղել են նույնիսկ պահեր, երբ որոշել եմ թողնել սիրելի զբաղմունքս:
Սակայն ստացվեց այնպես, որ ճիշտ պահին ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ ոգևորեցին ու մասնագիտական փորձ տվեցին՝ այդպիսով ուղղորդելով այնտեղ, որտեղ այժմ գտնվում եմ:
Ցանկության դեպքում գտնվում են նաև հնարավորությունները
Երիտասարդ գիտնականների խնդիրները շատ են՝ ֆինանսավորում, ժամանակակից լաբորատորիաներ, տեխնիկական միջոցներ և այլն: Դրանց վրա շատ չեմ կենտրոնացել, բայց կարծում եմ, որ ցանկության դեպքում կարելի է գտնել նաև հնարավորություններ:
Կարելի է նշել նաև ընդհանուր կրթական համակարգի որոշ թերություններ, որոնք երբեմն դժվարացնում են ավելի հմուտ գիտելիքներ և փորձառություն ձեռք բերելու գործընթացը:
Սակայն նշեմ, որ նվիրյալ մարդկանց աշխատանքի շնորհիվ իրավիճակն աստիճանաբար դրական ուղղությամբ է զարգանում:
Գիտությամբ զբաղվելը «գայթակղիչ» է
Գիտնականների ֆինանսավորումը բարձրացնելու ուղղությամբ պետական մակարդակով որոշ փոփոխություններ են ձեռնարկվել, բայց երևի դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Շատ կարևոր են տեղական դրամաշնորհների հասանելիությունը և քանակը: Ինչ խոսք, աստիճանաբար կարգավորվում են նաև այդ խնդիրները: Ոչ պետական դրամաշնորհներ գտնել իհարկե կարելի է, որոնց միջոցով կարող ես խնդիրներ լուծել, բայց պետք է նկատել, որ դրանք սովորաբար կարճաժամկետ են լինում:
Գիտությունը՝ մասնագիտություն, բնությունը՝ հոբբի
Իմ բոլոր հետաքրքրությունները կապված են մասնագիտությանս հետ:
Բացի արջերից՝ հետաքրքրված եմ նաև թռչնատեսակներով, աշխատում եմ հաճախ բնության մեջ լինել՝ նրանց դիտարկելու, լուսանկարելու համար:
Հաճախ բնապահպանության թեմայով կամավոր դասընթացներ եմ անցկացնում դպրոցականների հետ ՝ հաճելին օգտակարի հետ համադրելով:
Սիրում եմ նաև ամենագնացով արտաճանապարհային արկածներ: