01․01․2023
Սիրելի՛ հայրենակիցներ,
ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
Անցած տարին մեր երկրի համար լի էր ձեռքբերումներով ու հաջողություններով, միևնույն ժամանակ՝ դժվարություններով ու նոր մարտահրավերներով, որոնց դիմակայելու համար մեզ անհրաժեշտ են որակյալ կրթություն, գիտական առաջադեմ միտք, աշխատասիրություն, ջանք ու նվիրում։
Երևանի պետական համալսարանը առաջադեմ մտքերի գոյացման կարևորագույն հարթակ է։ Այն ուղղակիորեն կապված է մեր երկրի հզորացման ու առաջընթացի հետ, ուստի համալսարանի զարգացումը պետք է լինի բոլորիս առաջնահերթությունը։ Այս տեսանկյունից անցյալ տարում նշանակալի քայլեր են կատարվել՝ նպատակաուղղված միջազգային առաջատար կրթական ու հետազոտական կենտրոն դառնալու մեր տեսլականի հստակեցմանը:
Կրթության որակի բարձրացմանն ու գիտության զարգացմանն ուղղված սկզբունքային նոր պահանջների ձևակերպումը մեզ վստահաբար հնարավորություն է ընձեռելու նոր տարում էական ձեռքբերումներ գրանցելու մեր գործունեության բոլոր ուղղություններով։
Մեր գործողությունների հիմքում շարունակելու է մնալ այն համոզմունքը, որ ԵՊՀ կարևորագույն ռեսուրսը համալսարանում աշխատող ու ստեղծագործող մարդիկ են, և ակնհայտ է, որ համակարգային բարեփոխումների իրականացումը գրեթե անհնար է առանց ուսանողների ու աշխատակազմի արդյունավետ ներգրավման և առանց թիմային ոգու։
Կատարած աշխատանքի, ներդրած ջանքի, նվիրումի ու պատասխանատվության համար շնորհակալություն եմ հայտնում մեր ուսանողներին, դասախոսներին, գիտնականներին ու կրթական գործընթացն ապահովող բոլոր աշխատակիցներին։
Մենք նոր տարի մուտք ենք գործում նոր եռանդով, հույսերով ու մեծ ակնկալիքներով: Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, ընտանիքներին՝ հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն։