01․01․2022
Սիրելի՛ հայրենակիցներ,
սիրով և սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ամփոփելով անցնող տարին, վերլուծելով բացթողումները, գնահատելով հաջողություններն ու ձեռքբերումները՝ վստահորեն կարող ենք նշել, որ այսօր էլ, երբ մեր երկիրը կանգնած է բազում մարտահրավերների առաջ, իր անձնակազմի, ուսանողների և շրջանավարտների միավորմամբ Մայր բուհն ի զորու է ստեղծելու այնպիսի միջավայր, որը կոգեշնչի մեր ժողովրդին՝ արարելու, ստեղծագործելու և լուսավոր ապագայի նկատմամբ հավատով լցվելու համար:
Սիրելի՛ համալսարանականներ, Երևանի պետական համալսարանը մեր երկրի զարգացման ուղենիշն ու շարժիչ ուժն է, ուստի մեզանից յուրաքանչյուրի անձնական նպատակներն անբաժան պիտի լինեն Հայաստանի ու Արցախի նկատմամբ ջերմ ու անկեղծ զգացումներից: Թող նոր տարում ստեղծելն ու ստեղծագործելը լինեն յուրաքանչյուրիս անհատական, ապա նաև՝ ազգային ու պետական առաջնահերթությունը:
Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք արժանապատիվ կեցվածքով միջազգային հանրությանը ներկայանալ մրցունակ կրթական ծրագրերով, նորարար գաղափարներով, գիտական նոր նվաճումներով և համընթաց կքայլենք աշխարհի առաջատար բուհերի ու հետազոտական կենտրոնների հետ:
Նոր տարում մեր երկրին խաղաղություն և բարեկեցություն եմ մաղթում, սեր և ջերմություն՝ բոլորիս ընտանիքներին: Թող 2022-ը լինի երջանիկ ապրումների, արգասաբեր արարումների ու իղձերի իրականացման տարի: