Ինչպես արդեն հայտնի է, ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնը (տնօրեն՝ Մարգարիտ Ապրեսյան) օտար լեզվի բազմամակարդակ ուսուցմանը զուգընթաց իրականացնում է նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։
Օրերս ավարտվեց անգլերենի մասնագետների համար նախատեսված որակավորման բարձրացման դասընթացի հերթական փուլը։ Երևանի թիվ 114 և 112 ավագ դպրոցների ուսուցչական կազմը ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի և ՓԱՍ ուսումնական կենտրոնի համագործակցության շրջանակում անցան Cambridge Assessment English-ի «TKT(Teaching Knowledge Test)» վերապատրաստման դասընթաց։ Հնգօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներն անցան միջազգային թեստավորման փուլային նախապատրաստում՝ ծանոթանալով Քեմբրիջյան մեթոդաբանությանը։
Հատկանշական է, որ սույն դասընթացներն անցկացվում են Cambridge Assessment English-ի կողմից բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվում են համատեղ հավաստագրեր։ Վերապատրաստումից հետո մասնակիցներն արդեն կարող են անցնել միջազգային թեստավորում և Cambridge Assessment English-ի կողմից ստանալ նաև միջազգային վկայագրեր։
«TKT»-ն դասավանդման որակավորումների մի քանի բաժնից բաղկացած ճկուն համակարգ է, որը վկայում է անգլերենի ուսուցիչի մասնագիտական առաջընթացի մասին: Այն հիանալի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հաստատել իրենց դասավանդման գիտելիքները ողջ աշխարհում ընդունված վկայագրով: Թեստավորումը ստուգում է տվյալ մասնագետի դասընթացը ճիշտ կազմակերպելու և լսարանը կառավարելու գործընթացը, ուսանողներին մոտիվացնելու եղանակների իմացությունը և լեզուն ուսանողների պատրաստվածության համապատասխան մակարդակին հարմարեցնելու ունակությունը: