ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1873 թ. նոյեմբերի 22-ին Ախալցխայում; 1880-1883 թթ. սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի Կարապետյան վարժարանում, 1883-1893 թթ. սովորել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում, 1893-1897 թթ.՝ Ենայի, Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում ու արժանացել փիլիսոփայության դոկտորի աստիճանի: 1898 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, 1909 թ.՝ Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի իրավաբանական ֆակուլտետները:
1900-1905 թթ. դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1905-1907 թթ.՝ Թիֆլիսի առաջին և երկրորդ արական գիմնազիաներում, 1906-1907 թթ.՝ Ներսիսյան դպրոցում, 1911-1913 թթ.՝ Բաքվի ժողովրդական համալսարանում և 1915-1919 թթ.՝ առևտրային դպրոցում: 1919 թ. դեկտեմբերին հրավիրվել է ԵՊՀ, նշանակվել պատմալեզվաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, 1920-1921 թթ.՝ ռեկտոր, 1922-1923 թթ.՝ արևելագիտության և պատմագրական ֆակուլտետների դեկան, 1921-1925 թթ.՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925-1931թթ.՝ նույն ամբիոնի պրոֆեսոր:
1925 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1938 թ.՝ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1925 թ. ընտրվել է Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի անդամ, 1939 թ.՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, 1943 թ.՝ հաստատվել ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամների կազմում:
ԵՊՀ-ում նա առաջինն է դասավանդել հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմություն: 1931 թ. ընդհատել է մանկավարժական գործունեությունը և զբաղվել միայն գիտական աշխատանքով:
Նա հայ քննական պատմագիտության ականավոր ներկայացուցիչներից է: Հեղինակ է հայերեն, ռուսերեն և գերմաներեն ավելի քան 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու մշակույթին: Զբաղվել է հունական փիլիսոփայական երկերի հայերեն թարգմանությունների, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ: Այս բնագավառում հայագիտական մնայուն արժեք է «Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները» (Վիեննա, 1928) ուսումնասիրությունը: Հայ պատմագիտական մտքի մնայուն գործերից են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին նվիրված «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (ռուս., Եր., 1930, 1954, 1985), «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» (Եր., 1934, 1981), «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» (Եր., 1930, 1985), «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» (Եր., 1936, 1985), «Տիգրան Բ և Հռոմը» (Եր., 1940, 1972, 1977, ռուս.՝ 1943, ֆրանս.՝ 1963) և այլ մենագրություններ:
Ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատության ստեղծումը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի մ. թ. ա. VI – մ. թ. XVI դարերի ամբողջական պատմությունը (հ. I-III, 1945, 1952, 1957, նաև՝ 1977, 1978), որը, սակայն, մնացել է անավարտ: Դեռևս 1902 թ., Հր. Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է XII – XIX դարերի հայկական վկայաբանական գրականության հայտնի
բոլոր բնագրերը (հ. I-II), գիտական հրատարակության է պատրաստել հին հունական փիլիսոփաների (Նոնոս, Էլի աս, Զե նոն Ստոիկ, Արիստոտել և այլք) երկերի հայերեն թարգմանությունների բնագրերը:
1935 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով:
Վախճանվել է 1952 թ. փետրվարի 4-ին Երևանում: Աճյունն ամփոփված է Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Երևանի Տերյան փողոցի թիվ 62 շենքի դիմաց կանգնեցված է հուշասյուն:
Նրա բրոնզաձույլ կիսանդրին դրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում: