ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Ծնվել է 1904 թ. փետրվարի 12-ին Կապանի շրջանի Կավարտ գյուղում: Երկու տարի տեղի դպրոցում սովորելուց հետո՝ 1912 թ., ուսումը շարունակել է Շուշիի ռեալական դպրոցում:
1921-1928 թթ. կոմերիտական ղեկավար աշխատանք է կատարել Կապանի, Լենինականի (այժմ՝ Գյումրի), Երևանի գավառային և քաղաքային կոմիտեներում: Եղել է ԼԿԵՄ կենտկոմի նախագահության և Անդրերկրկոմի բյուրոյի անդամ: 1928-1929 թթ. սովորել է Մոսկվայի Գ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1933-1936 թթ.՝ Կարմիր պրոֆեսուրայի ագրարային ինստիտուտում: 1929-1937 թթ. կատարել է կուսակցական ղեկավար աշխատանք: Եղել է շրջկոմի առաջին քարտուղար Արմավիրի, Միկոյանի (այժմ՝ Եղեգնաձոր) և Երևանի Կիրովյան շրջաններում: 1926-1937 թթ. եղել է ՀԿ(բ)Կ ԿԿ անդամ:
1937 թ. օգոստոսի 7-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, բայց ընդամենը մեկուկես ամիս անց ազգայնականներին և հատկապես «ժողովրդի թշնամի, հայտնի ազգայնական» համարված Աղասի Խանջյանին պաշտպանելու մեղադրանքով ազատել են պաշտոնից, գործը հանձնել ՆԳ մարմիններին, իսկ իրեն բանտարկել: Սակայն նա կարողացել է ապացուցել իր անմեղությունը և 1939 թ. հունիսի 11-ին ազատ է արձակվել:
Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է բանակ և ծառայել մինչև պատերազմի ավարտը:
1946-1952 թթ. աշխատել է Բաքվի պետական համալսարանում որպես դեկան, ապա՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, աշխատել ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես բաժնի վարիչ, ապա՝ տնօրենի տեղակալ: 1956 թ. նրա գործուն մասնակցությամբ ստեղծվել է ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև կյանքի վերջը:
Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատությունների, որոնցից շատերը լույս են տեսել նաև օտար լեզուներով: Ուշագրավ են նրա «Кризис, мирового капитализма на современном этапе» (М., 1960), «Борьба двух систем и мировое развитие» (М., 1964), «Տնտեսագիտական ընտիր երկեր» (Եր., 1971) աշխատությունները:
1958 թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, 1963 թ.՝ ակադեմիկոս, էկոնոմիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: Եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, Խորհրդային մեծ հանրագիտարանի գիտական խորհրդի անդամ:
Պարգևատրվել է Լենինի շքանշանով ու բազմաթիվ մեդալներով:
Վախճանվել է 1965 թ. հուլիսի 18-ին Մոսկվայում: